Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. 32-ամյա կինը կախվել է դաշտամիջյան հատվածում, ավտոմեքենայում հայտնաբերվել է նամակ

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. 32-ամյա կինը կախվել է դաշտամիջյան հատվածում, ավտոմեքենայում հայտնաբերվել է նամակ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 16։40-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության աշտարակի բաժին և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված, որտեղ հայտնաբերել են աղջկա կախված դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Հարությունյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի ու նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Նարեն Քասյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Լ․ Հ-ն Աշտարակ-Աբովյան ավտոճանապարհի եզրային հատվածից դեպի Նոր Երզնկա համայնքի վարչական տարածքում գտնվող շինության բետոնե ծածկից դուրս ցցված մետաղյա ամրանից եկել է ավտոմեքենայի ամրագոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Toyota մակնիշի ավտոմեքենա, որով Լուսինե Հ-ն ժամանել է նշված վայր ու դիմել է ծայրահեղ այդ քայլին։ Ավտոմեքենայի առջևի հատվածում՝ վարորդի կողքի նստարանին, հայտնաբերվել է նամակ, որում գրված է «Երկինքը ինձ կանչել է, մեռնում եմ, որ ապրեն իմ համար թանկ մարդիկ, կներեք ինձ, սիրում եմ ձեզ»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ունեցել է առողջական խնդիրներ։

Նրան էլ հայտնաբերել է իր բարեկամը։ Դեպքի փաստով Ն. Քասյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական փորձաքննություն։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։