Մամուլ

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 4 զոհ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի  վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով հայտնվել ձորում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Մահացածներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործում են հատուկ տեխնիկա: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը: 

mercedes

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչություն նախաձեռվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: 

Կիսվել էջում