Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Mercedes S500-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Mercedes S500-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում Վազգեն Սարգսյան — Խորենացի — Բեյրութի փողոցների հատման վայրում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի վարած Mercedes S500 մակնիշի 21 OO 221 համարանիշի և Երևանի բնակիչ, 34-ամյա Հակոբ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 52-ամյա Սրբուհի Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Opel-ի վարորդին ու ուղևորին փրկարարները, պարեկները, բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ուժեղ հարվածի հետևանքով նրանք ավտոմեքենայից շպրտվել էին:

Հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ Opel-ի վարորդը գիտակության չգալով՝ մահացել է, իսկ Mercedes-ի վարորդը հեռացել է հիվանդանոցից:

Վթարի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի  և 243.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն ու Opel-ը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված այգու տարածքում: