Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. հիվանդանոցի ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:10–ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Նորամարգ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: