Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում, բախվել են 2 Mercedes ու բեռնատար ГАЗель-ը

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում, բախվել են 2 Mercedes ու բեռնատար ГАЗель-ը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 56 կմ-ին բախվել են 2 Mercedes և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով էլ ГАЗель-ն ու Mercedes-ներից մեկը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Մինչ վթարի վայրում աշխատում էին նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր էր՝ կոչումով մայոր, և պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է կռվի դաշտում և վիրավորում ստացած վերադարձել է տուն։