Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. BMW-X5-ը Ծաղկեվանքի ճանապարհին բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. BMW-X5-ը Ծաղկեվանքի ճանապարհին բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավտոմեքենան, Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով դուրս են բերվել ձորից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Քաղաքացիների ավտոմեքենաներին են մոտեցել Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա և պարզվել է, որ նրանցից մեկը մահացած է:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ն. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: