Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ամուսինները մահացել են

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ամուսինները մահացել են

Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Shamshyan.com-ը գրում է․ Ժամը 02:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 50 մետր, մի քանի պտույտ քարերին բախվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է կամրջի տակ՝ երկաթգծի հարևանությամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սահարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 44-ամյա Միլենա Ասատրյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ:

Մինչ փրկարարները դեպքի վայրում հոսանքազրկում էին ավտոմեքենան, փակում գազաբալոնը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Մ. Ասատրյանը նույնպես մահացել է:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել են մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու Թալինի քննչական բաժնի պետ Խաչատրյանը:

Փաստի առթիվ Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպսրտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին: Ամուսինն էլ նախկինում աշխատել է Բաղրամյան համայնքի ղեկավար: