Ողբերգական ավտովթար՝ Զոլաքարում․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, կա 4 վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Զոլաքարում․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, կա 4 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները։

Մարտունու հիվանդանոցի բժիշկներն էլ վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։  Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Վ. Ոսկանյանն ու նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։