Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. 39-ամյա վարորդը ԳԱԶ 3110-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. նա տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. 39-ամյա վարորդը ԳԱԶ 3110-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. նա տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Հայկ Դանիելյանը իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Դանիելյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ն. Խանոյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: