Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. մարդատար «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա 5 զոհ, 12 վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. մարդատար «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա 5 զոհ, 12 վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Թալին», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։

Օպերատիվ են գործել Աշտարակի և Թալինի հիվանդանոցների բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր տեղերում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ, այդ թվում՝ ողբերգական, իսկ ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, նաև մարզի դատախազը բազմաթիվ անգամ դիմել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպեսզի նշված հատվածը կահավորեն անհրաժեշտ ցուցանակներով, մինչդեռ ամեն անգամ խոստանում են, որ խնդիրը կլուծեն, սակայն սայլը տեղից չի շարժվում։