Մամուլ

Ո՞վ է գրել Վանեցյանի հրաժեշտի տեքստը․ հրաժարական, որն ավելի ուժեղացրեց Փաշինյանին

«Առաջին լրատվականը» գրում է․ «Ո՞վ է գրել Վանեցյանի հրաժեշտի տեքստը․ հրաժարական, որն ավելի ուժեղացրեց Փաշինյանին։ 1990-ին իշխանության եկած ՀՀՇ-ում առաջին լուրջ բաժանումը տեղի ունեցավ համազգային շարժման հաղթանակից ընդամենը մեկ տարի անց, երբ Վազգեն Մանուկյանի թիմը հեռացավ մայր կուսակցությունից։ Շատերը հիասթափվեցին, բայց իշխանության առաջին լուրջ ֆիլտրումն ամենևին էլ չթուլացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիրքերը, որն առաջին նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ։

Արթուր Վանեցյանի կալիբրն ավելի համեստ է ու նրան կոռեկտ չէ համեմատել Վազգեն Մանուկյանի հետ, բայց փաստն այն է, որ հեղափոխության հաղթանակից գրեթե մեկուկես տարի հետո տեղի ունեցավ իշխանության առաջին լուրջ բաժանումը, ու վստահաբար կարելի է պնդել, որ ճիշտ քայլերի պարագայում Նիկոլ Փաշինյանն այս գործընթացից դուրս է գալու ոչ թե թուլացած, այլ ավելի ուժեղացած։

Չնայած Արթուր Վանեցյանն իր հայտարարության տեքստում, ըստ էության, չարագուշակ կանխատեսում է անում։ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:

Ի դեպ, բացարձակապես պատահական չեմ համարում, որ նախկին համակարգի ներկայացուցիչներն ամբողջ օրվա ընթացքում հրճվանքով մեջբերում էին Վանեցյանի հատկապես այս տողերը։ Սակայն եթե նախկիններն այդ տողերով կարող են հրճվել, ապա Վանեցյանի հայտարարության հատկապես այս հատվածն ակամայից բացահայտում է նրա ու նախկինների կապը։ Հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ Վանեցյանն իր պաշտոնավարման շրջանում պահպանել է հարաբերությունները Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, սակայն այս փաստը պարտակել է։

Ի դեպ, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Արթուր Վանեցյանի հայտարարությանն ու, ի տարբերություն ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած զուսպ գնահատականների, շատ ավելի կտրուկ է արտահայտվել։ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»,- ասել է նա։

Այլ խոսքով՝ Վանեցյանը հրաժեշտ է տվել պաշտոնին, որովհետև առնչություններ է ունեցել հին համակարգի հետ։ Մոլորություն է կարծել, թե հնարավոր է ապահովել քաղաքական նոր համակարգի ու իրավապահ հին համակարգի իներցիոն գոյակցությունը։ Այս տրամաբանությամբ է իր պաշտոնին հրաժեշտ տվել Արթուր Վանեցյանը, թերևս հերթը կհասնի նաև Վալերի Օսիպյանին։

Նիկոլ Փաշինյանը վերջապես ազատվում է հին համակարգի բեկորներից, ինչը միայն ողջունելի է, մանավանդ որ հենց այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին: Այլ խոսքով՝ այս պաշտոնները շուտով քաղաքական են դառնալու, ինչն անհամեմատ մեծացնելու է Նիկոլ Փաշինյանի դիրքերը։

Նիկոլ Փաշինյանին ավելի ուժեղանալ է պետք, որովհետև առաջիկայում Մարտի 1-ի բազմաշերտ դատավարությունն է, Ամուլսարի հարցը, ՍԴ ճգնաժամը հաղթահարելու հրամայականը։ Այսօրվա կադրային լուծումը համարենք արդյունավետ քաղաքականություն վարելու առաջին ազդանշան։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել