ՄամուլՏեսանյութ

«Շրջափակման մեջ եմ, ձեզ շատ եմ սիրում, երեխաներին լավ կնայես ու տղուս ճիշտ կդաստիարակես»

«Շրջափակման մեջ եմ, ձեզ շատ եմ սիրում, երեխաներին լավ կնայես ու տղուս ճիշտ կդաստիարակես»

Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում Ոստիկանության ծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Սահակյանի մասին այսպես է հիշում կինը՝ Ելենա Ուսնունցը։

Նրանք հանդիպել են 2011 թվականին, երբ Արթուրն արդեն մեկ տարի ծառայում էր ոստիկանության զորքերում։

«Արթուրը եղել է հիանալի ամուսին, հիանալի ծնող, հիանալի գործընկեր և ընկեր։ Աշխատավայրի դժվարությունները երբեք ընտանիք չի մտել, ոչ մի հարցում չի թերացել։ Դժվարություններն ավելի են ամրացրել մեր ընտանիքը։

Ես Արթուրով եմ ճանաչել, թե ինչ է հայրենիքը, ինչ է նվիրվածությունը հայրենիքին։ Նա ուղղակի ծառայող չէ, նա համազգեստը կրում էր պատվով, ծառայությունը կատարում էր պատվով։ Մինչև պատերազմը Տավուշում շուրջ 2 տարի մարտական ծառայություն է իրականացրել։ Ամեն հերթափոխի ժամանակ իրենց պատրաստվել, գնալը տոնակատարություն էր»,-ասում է կինը։

Արթուրն ու Ելենան ունեն մեկ աղջիկ և մեկ տղա։ Նա պատմում է, որ աղջիկը շատ կապված է եղել հայրիկի հետ։

«Որ Արթուրը տուն էր գալիս, ինչքան էլ հոգնած լիներ, պետք է աղջկա հետ անպայման ժամանակ անցկացներ»,-ասում է կինը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ Արցախի դեմ, Արթուրը զանգել է կնոջն ու ասել՝ Ելենա, պատերազմ է սկսվել, իրերս հավաքի, գալիս եմ, որ գնամ։

«Ոչ զարմացել եմ, ոչ որևէ հակառակ բան եմ ասել, չեմ փորձել հակառակը համոզել, որովհետև անիմաստ էր։ Նախ ինքս դեմ էի իր չգնալուն, որովհետև ցանկացած հայ պետք է գիտակցի, որ պետք է լինի սահմանին։ Արթուրն ասում էր՝ եթե 18 տարեկան զինվորի կողքին մենք չլինենք, ո՞վ լինի»,-ասաց կինը։

Արթուր Սահակյանի մասնակցել է Շուշիի համար մարտերին։ Նոյեմբերի 5-ին ընկել է շրջափակման մեջ։

«Իրենց զինծառայողներից մի խումբը վիրավորվել էին։ Իր հետ էին նաև իր երկու շատ մոտ ընկերները, որոնց քավորը նա էր։ Մի սանիկին կարողանում է փրկել ու ինքը մնում է մարտերը շարունակելու՝ մյուս սանիկի հետ։ Նրանք շարունակում են կռիվը մինչև վերջ, զոհվել են միասին։

Վերջին անգամ երբ զանգեց, հրաժեշտով էր զանգել։ Երբեք, ոչ մի զանգը նման չէր այդ զանգին։ Տագնապ կար, ասաց՝ շրջափակման մեջ եմ, չգիտեմ՝ դուրս կգամ, թե ոչ, ձեզ շատ եմ սիրում, երեխաներին լավ կնայես ու տղուս ճիշտ կդաստիարակես»,-պատմում է Ելենան։

Այսօր նա ծառայում է Ոստիկանության զորքերում, շարունակում է ամուսնու կիսատ թողած գործը, նրան դա խնդրել է որդին։

«Ծառայում եմ նույն զորամասում, նույն գումարտակում, նույն վաշտում, որտեղ 10 տարի ծառայել է իմ ամուսինը։ Օրը սկսում և ավարտում եմ այն վայրերում, որտեղ ամուսինս է եղել»,-ասաց նա։

Մանրամասները՝ Iravaban.net-ի տեսանյութում։

Կիսվել նյութով