Շրջանառության մեջ կդրվի 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ
Շրջանառության մեջ կդրվի 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ
2023 թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ է դրվելու հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամը:
Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկից, այս մասին որոշվել է ԿԲ խորհրդի նիստում:
Սահմանվել է, որ հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների:
Հազար դրամ անվանական արժեքով 1999, 2001, 2011, 2015 և 2018 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1000 դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 130 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է:
Թղթադրամը պարունակում է Պարույր Սևակի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ մանուշակագույնը:
Դիմերես
Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
Թղթադրամի ձախ հատվածում Պարույր Սևակի դիմանկարն է և «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «1000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԱԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։
Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է փետրագրչի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
Պարույր Սևակի դիմանկարի ֆոնին՝ իր ձեռագրերից հատվածներ և զանգերի պատկերներ։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» տպագրված է ներքևի աջ մասում:
Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կարմիրից կանաչի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «1000» ապամետաղականացված գրառումը։
Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ փետրագրչի հստակ պատկերով։
Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2022», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:
Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր:
Դարձերես
Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ փետրագրչի հստակ պատկերով։
Թղթադրամի մեջտեղի հատվածում՝ Պարույր Սևակի տունը իր ծննդավայր Զանգակատուն գյուղի համապատկերին: Այս պատկերների մեջտեղում տպագրված է երկգույն մարգարտափայլ ժապավեն։
Թղթադրամի աջ մասում Պարույր Սևակի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «1000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։
Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «1000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»: