Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չհաջողվեց ազատվել հին գյուղապետերից․ նախկին ՀՀԿ-ականը հաղթեց ՔՊ-ի թեկնածուին

Երեկ Շիրակի մարզի երկու համայնքներում՝ Սպանդարյանում և Անուշավանում ՏԻՄ ընտրություններ էին։ Սպանդարյանում, որը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ծննդավայրն է, հաղթել է գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը։

Նա նախկին ՀՀԿ-ական է, որը, սակայն, կուսակցության շարքերը լքել է թավշյա հեղափոխությունից առաջ։ Համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից։ Նրա մրցակիցը՝ Ալմաստյան Սայադը, փաստաթղթերով անկուսակցական է, թեև, ըստ մամուլի հրապարակումների, նրան սատարում է «Իմ քայլը» դաշինքը։

Նախնական տվյալներով, գործող համայնքապետը 150 ձայնով առաջ է անցել Սայադ Ալմաստյանից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, գործող համայնքապետի օգտին քվեարկել է 384 քաղաքացի: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Սպանդարյանում քվեարկելու իրավունք ունեցող մասնակիցների թիվը 1159 է, քվեարկության մասնակիցների թիվը 315 (27․18 %) ։

Անուշավան համայնքում ևս հաղթել է գործող համայնքապետ, անկուսակցական Երվանդ Հակոբյանը, նա վերընտրվեց 6-րդ անգամ։ Նրա մրցակիցը Համբարձում Ալեքսանյանն է, որը, ըստ փաստաթղթերի, ո՛չ աշխատանք ունի, ո՛չ մասնագիտություն։ Այստեղ գործող համայնքապետը 146 ձայնով առաջ է անցել իր մրցակցից։

Աղբյուր՝ aravot.am