Մամուլ

Շինուհայրում վերջին հրաժեշտն են տվել թունավորումից մահացած 4-ամյա աղջնակին

Հուլիսի 5-ին թունավորումից մահացած 4-ամյա աղջնակը Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Շինուհայր գյուղից էր, այսօր նրան կհուղարկավորեցին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շինուհայր գյուղի ղեկավարը։

«Մեր բարեկամներն են, ընտանիքի հայրը իմ քեռու տղան է, զինվորական է։ Մեծ ընտանիք են՝ հայր, մայր և 5 երեխա։ 4 տարեկան աղջիկը մանկապարտեզ էր գնում, մեծը 11 տարեկան էր, մյուսները՝ 9 և 6։ Ընտանիքում նաև նորածին երեխա կա, ում վիճակը, բարեբախտաբար, կայուն է։ Այդ օրը ես երեխաներին տեսա, լավ վիճակում էին, ընթրիքից հետո է եղել դեպքը»։

Նրա խոսքով՝ թունավորման հանգամանքները դեռ ճշտվում են։ Բայց կարծիք կա, թե ընթրիքի ժամանակ համտեսած սննդից է եղել թունավորումը։

«Խոսակցություններ կան, որ երշիկեղենից է եղել թունավորումը… Այսօր 4-ամյա աղջկա հուղարկավորությունն է։ Շինուհայր գյուղի գերեզմանոցում են հուղարկավորելու»,- հավելեց գյուղապետը։

Կիսվել էջում