Շաբաթ օրը դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը

Շաբաթ օրը դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը

Ուշադիր հետևելով խորհրդարանական քառօրյային՝ ցանկանում եմ արձանագրել հետևյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրև քրիստոնյա և քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով, որում մասնավորապես ասված էր.

«Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։

Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ»:

Հոգևոր սննդի և մասնավորապես ազգի հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձների պակաս հատկապես ստեղծված ծանր իրավիճակում չի նկատվում:

Ավելին՝ Եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով մեր եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։ Գովելի է, որ դրան նպաստում են նաև պատկան պետական կառույցները և տարբեր լրատվամիջոցները:

Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփոյռւքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Ցավոք, որոշ մարդիկ այդ ամենը չեն նկատում, բայց ժրաջան քննադատում են։

Տեղեկացնեմ նաև, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում Եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ՝ նկատի ունենալով եկեղեցական ծիսակարգի և կանոնների բոլոր առանձնահատկությունները, նաև մշտական հորդոր հնչեցնելու՝ ստեղծված բարդ իրավիճակում հետևելու պետական կառույցների սահմանած կանոններին:

Շաբաթներ առաջ քննարկվել է նաև Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը:

Այսպես օրինակ՝ առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց:

Մնացյալ որոշումների վերաբերյալ նույնպես մեր հավատավոր ժողովուրդը ժամանակին պատշաճորեն կիրազեկվի:

Թող բոլորը վստահ լինեն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի կողմից իրականացվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման ու լավատեսության ոգու ամրության, մեր ժողովրդի զավակների բժշկության, աշխարհում խաղաղ ու բարօր կյանքի վերականգնման համար: