Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել իրավապահներին Պարազյանների մասին. Տեսանյութ

Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել իրավապահներին Պարազյանների մասին։

6 տարի լռելուց հետո Նորիկ Դավթյանը որոշել է ինքնակամ խոսել ու ցանկանում է դրվագ առ դրվագ պատմել՝ ինչ դժոխքի միջով է անցել՝ հայր և որդի Պարազյանների պատճառով: Նորիկը Մասիսից է, 15 տարեկանից ապրել է Կալուգայում, հիմա չորս երեխաների հայրը Շվեդիայում է որպես փախստական: Այդտեղից էլ պատմում է՝ ինչպես Պարազյաններն իրեն դարձրին հաշմանդամ:

Նորիկը 2007-ից աշխատել է Պարազյան ավագի մոտ. սկզբում որպես վարորդ, հետո վստահված անձ: Այդ ժամանակ Աշոտ Պարազյանը Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տեղակալն էր: Նորիկին ակտիվորեն ներգրավել է շինարարության ոլորտ՝ հանձնարարելով զբաղվել ընկերություններով, որոնք հենց Պարազյաններն էին բացում:

Պատմության մեխերից մեկը հենց այդ ընկերություններն էին, որոնք Տաշիրի անվան տակ մասնակցում էին տարբեր տենդերների: Տաշիրի սեփականատերը, Նորիկի պնդմամբ, ոչ այդ ընկերությունների մասին գիտեր, ոչ էլ, որ դրանք մասնակցում ու հաղթում են նաև Գազպրոմի տենդերում: Այդ սխեմայի մասին իմանալուց հետո Նորիկ Դավթյանը որոշում է, բայց չի հասցնում տեղեկացնել Տաշիր գրուպի ղեկավարին:

Պարազյանները որոշում են ազատվել իրենց համար գլխացավանք դարձած աշխատողից, նրանից հետ են պահանջում արդեն վճարված գումարը՝ 2 ու կես միլիոն ռուբլին, պնդելով, որ դա Տաշիրի փողն է: Նորիկը հրաժարվում է: Պահանջի հաջորդ փուլում հաշվեհարդարն էր: Իրենց մասին կարևոր փաստեր ունեցող Նորիկ Դավթյանին Պարազյանները կանչում են գրասենյակ ու մի քանի հոգով սկսում ծեծը:

Դրանից հետո Նորիկ Դավթյանը 8 վիրահատության է ենթարկվել: Հիմա 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, բայց ոտքը կորցնելու վտանգ է առաջացել: Այդ պատմությունից մեկ ու կես տարի անց Աշոտ Պարազյանին հեռացնում են Տաշիր գրուպից: Կրտսեր Պարազյանը Ռուսաստանում դատվում է՝ մեկ այլ հայ գործարար առևանգելու, բռնության ենթարկելու ու գումար շորթելու համար: Նորիկ Դավթյանը այդ գործարարին լավ է ճանաչում, դեպքի շատ մանրամասներ գիտի, որոնց մասին այլևս չի լռելու:

Պատրաստվում է հայտնել ռուս իրավապահներին: Նորիկ Դավթյանը հայտարարում է. պատրաստ է Հայաստան էլ գալ ու այստեղ էլ հրապարակել բոլոր փաստերը, որոնք կբացահայտեն Պարազյաններին: Պնդում է, որ եթե մինչև հիմա ստիպված էր ընտանիքով թաքնվել այլ երկրներում, հիմա վախենալու պատճառ չունի: Կներկայանա ու կպատմի ամեն ինչ:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում