Մամուլ

Նիվան Սոթքի ճանապարհին վրաերթի է ենթարկել 63-ամյա Անահիտ Հ.-ին, վերջինս տեղում մահացել է

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:15-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Արման Զ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Անահիտ Հ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը, նույն վաշտի հրամանատարի պաշտոնակատար Գրիշա Գաբրիելյանի ուղեկցությամբ, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն՝ սթափության աստիճանը պարզելու։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Ա. Մարգարյանի, Վարդենիսի քննչական բաժնի պետ Արման Հովհաննիսյանի և ավագ քննիչ Սուրեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվեք էջում