Մամուլ

Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով բարձրացել են նախարարների աշխատավարձերը․ «Հետք»

Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով բարձրացել են նախարարների աշխատավարձերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին, գրում է Hetq.am-ը։

Գաղտնի հանձնարարականի վերաբերյալ «Հետք»-ի ստացած տեղեկությունը ստուգելու համար նախ գրավոր հարցմամբ դիմեցինք երեք նախարարությունների։ Ստացանք աշխատողների թվի և աշխատավարձային ֆոնդի վերաբերյալ մայիս-օգոստոս ամիսների տվյալները։

Մի նախարարության դեպքում նույն թվով աշխատակիցների պարագայում աշխատավարձային ֆոնդի էական տարբերություն կար։ Լրացուցիչ հարցում ուղարկեցինք երեք նախարարների՝ հարցնելով, թե նախարարը որքան աշխատավարձ, պարգևատրում և աշխատավարձին հավասարեցրած այլ վճարում է ստացել։

Օրինակ՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին միասին ստացել է 6 միլիոն դրամ աշխատավարձ, նույնը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեպքում էր։ Եթե աշխատավարձի թիվը բաժանում ենք 4 ամիսների միջև, ստանում ենք ամիսը 1.5 միլիոն դրամ։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին էլ էինք նույնաբովանդակ հարցում ուղարկել։ Նախարարության գլխավոր քարտուղարը մեզ չտրամադրեց Ջանջուղազյանի աշխատավարձի մասին տեղեկություն։ Փոխարենն առաջարկեց սպասել տարեկան հայտարարագրին։

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։

Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։ Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։

Նույն պատկերն է փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձերի դեպքում։ Օրենքով սահմանված գործակցով փոխնախարարի աշխատավարձը 562 հազար 160 դրամ է, որը դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ։

Երբ արդեն ամեն բան պարզ էր, թե ինչ է կատարվել, գրավոր հարցմամբ դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։

Ներկայացնում ենք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պատասխանը․

«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։

Կիսվեք էջում