Նիկոլ Փաշինյանի ազգականը պաշտոնի նշանակվելիս ներկայացրել է կեղծ դիպլոմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեն  այսօր վարույթ է ընդունել։

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ՔԿ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից, 2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: