Նիկոլի օրոք Տեր-Պետրոսյանը երբեք դատարանում չի հայտնվի․ Էդգար Հարությունյան

Էդգար Հարությունյանը իր ֆեյսբուքյան գրառումը

«Նիկոլի օրոք Տեր-Պետրոսյանը երբեք դատարանում չի հայտնվի։

Այս գրառմամբ ուզում եմ հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր Քոչարյանի կալանքից հետո հույս են փայփայում, թե հերթը կհասնի նաև Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սերժի վերաբերյալ գրեթե վստահ եմ, որ առնվազն հարցաքննության կհրավիրվի, գուցե նաև կալանավորվի, բայց Լևոնը՝ երբեք։ Բացատրեմ, թե ինչու։

Քանի որ ես, ի տարբերություն ազգաբնակչության առնվազն 80 տոկոսի, Նիկոլի գործունեությանը հետևել եմ ոչ թե վերջին 3-4 ամիսներին, այլ շատ վաղուց՝ 2007 թվականից, ապա հասցրել եմ բավականաչափ ճանաչել այդ մարդուն, նրա դավանած արժեքներն ու մոտեցումները հատկապես մարդկային հարաբերություններում։ Այդ իսկ պատճառով պնդում եմ, որ Նիկոլը պատկանում է այն մարդկանց դասին, ովքեր երբեք չեն տառապում հիշողության կորստով ու երբեք չեն ուրանում մեկի հետ կիսած մի պատառ հացը, մի բաժակ ջուրը կամ միասին անցած ճանապարհը։

Ինչո՞ւ եմ սա ասում․ նրա համար, որ մեկընդմիշտ հիշեք՝ Նիկոլը երբեք չի մոռանա ու չի ուրանա, որ 2008-ի փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կանգնած էր նույն հարթակում ու ժողովրդական շարժման ամենաազդեցիկ դեմքն էր Լևոնից հետո։ Ավելին, ազգաբնակչության մի ստվար զանգված Նիկոլին հենց այդ օրերին ճանաչեց։ Ու ամենևին էլ կարևոր չէ, որ մի քանի տարի անց նրանց ջրերը սկսեցին նույն առվով չհոսել, գիտեմ, գիտեմ, որ Նիկոլը նույնիսկ մի քանի կոշտ ու կոպիտ հայտարարություններ արեց Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների վերաբերյալ, բայց այդքանով հանդերձ վստահեցնում եմ, որ Նիկոլը որոշակի հարգանք ու համակրանք ունի առաջին նախագահի հանդեպ, ի տարբերություն երկրորդ ու երրորդ նախագահների։

Հիմա, իհարկե, հարցեր կառաջանան․ մեկը կասի՝ «Ինչի՞, Լևոնը սո՞ւրբ ա, թալանով չի՞ զբաղվել», մյուս կասի՝ «Փաստորեն Նիկոլը ջոկողություն ա անում․ Ռոբին բռնում ա, Լևոնին՝ չէ, բայց երկուսն էլ նույն տականքն են», երրորդը կասի՝ «Ուրեմն Նիկոլը Լևոնի մարդն ա» և այլն։ Այդ և նմանատիպ մյուս բոլոր հարցերը, իհարկե, գոյության իրավունք ունեն և ակնկալում են պատասխաններ, բայց ես այդ պատասխանները չունեմ։

Միայն ցանկանում եմ հստակ նշել, որ Նիկոլի իշխանության օրոք Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք դատարանում չի հայտնվի։ Հետո չասեք՝ չէի ասել․․․

Հ․Գ․ Հուսով եմ, որ հակահեղափոխական տրամադրություններ հրահրելու համար չեմ մեղադրվի, քանզի ամենևին այդպիսի նպատակ չունեմ»։