«Նեպտուն»-ի Համիկի համար կանգնեցրել են ոստիկանության մեքենան, որ որդու հետ խոսի․ գործին խառնվել է ՀՀ ոստիկանապետը

«Նեպտուն»-ի Համիկի համար կանգնեցրել են ոստիկանության մեքենան, որ որդու հետ խոսի․ գործին խառնվել է ՀՀ ոստիկանապետը

Armlur.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունիսի 30-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 149 շենքի մոտ տեղի էր ունեցել միջադեպ, որից հետո հնչել էին կրակոցներ: Վիճաբանողներն էին եղել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Առաքելյանը և Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 23-ամյա Սարգիս Ավետիսյանը, որը «Նեպտուն»-ի Համիկի տղան է, որը հաճախակի է Բանգլադեշում հայտնվել վիճաբանութունների կիզակետում և ամեն անգամ ջրից չոր է դուրս եկել:

Իսկ ինչից էր սկսվել վեճը․ ժամը 15։30-ի սահմաններում նշված շենքի բակում Սարգիս Ավետիսյանը և Էդգար Առաքելյանը վիճել են: Վիճաբանության ժամանակ Ս. Ավետիսյանը իր մոտ պահվող մահակի նմանվող առարկայով մի քանի անգամ հարվածել է Էդգար Առաքելյանի գլխին, նրան թողնելով անօգնական՝ դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Պարզվել է նաև, որ Է. Առաքելյանն էլ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Սակայն այս դեպքը այսքանով չի ավարտվում, եւ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Մալաթիայի կրակոցների գործով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Իսկ ինչո՞ւ։

Պարզվում է Մալաթիայի կրակոցներից հետո, երբ իրավապահները ձերբակալում են «Նեպտուն»-ի Համիկի որդուն` Սարգիս Ավետիսյանին եւ Մալաթիայի երկու օպերլիազորներ նրան ոստիկանության մեքենայով փորձում են տեղափոխել ձերբակալվածների պահման վայր՝ ԿՊԶ, տեղի է ունենում անսպասելին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության մեքենան կանգ է առնում, եւ ոստիկանության մեքենային է մոտենում Նեպտունի Համիկը եւ մոտ 15 րոպե խոսում իր որդու հետ:

Այս ամենի մասին տեղեկանում է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ օպերլիազորների արած կոպիտ խախտման մասով, մասնավորապես մեքենան կանգնեցնելու, ձերբակալված երիտասարդի եւ նրա հոր հետ հանդիպումը կազմակերպելու մասով, ծառայողական քննություն նշանակում, քանի որ օպերլիազոները օրենքով սահմանված կարգով իրավունք չունեին ձերբակալված անձի մեքենան կանգնեցնեին եւ մի բան էլ՝ Նեպտունի Համիկը մոտենար եւ խոսեր որդու հետ:

Ավելին, իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները տեղեկություն ունեն, որ ոստիկանության մալաթիայի օպերլիազորներին հրահանգել է Նեպտունի Համիկի որդուն տեղափոխող մեքենան կանգնեցնել Ոստիկանության Մալաթիայի օպերատիվ բաժնի պետի տեղակալը: Իսկ թե ով եւ ինչու է արել, ցույց կտա ծառայողական քնությունը: Փաստ է մեկ բան, որ ոստիկանության երկու օպերլիազորների լիազորությունները այս պահին դադարեցված են, դեպքի առթիվ նշանակված է ծառայողական քննություն: