Նա իրավունք չունի ծնունդներ ընդունել. ինչու է ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկն առ այսօր ազատության մեջ

Նա իրավունք չունի ծնունդներ ընդունել. ինչու է ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկն առ այսօր ազատության մեջ․․․ Սեպտեմբերի 2-ին Մարգարյան ծննդատանը մահացած ծննդկան Լուիզա Ավետիսյանի գործով քննությունը շարունակվում է, սակայն նրան վիրահատած բժիշկը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը դեռ ազատության մեջ է։ Մինչդեռ, հիշեցնենք, որ Լուիզայի հարազատները պնդում էին, որ հենց Արմեն Խաչատրյանի սխալի ու անտարբերության պատճառով է մահը վրա հասել։

Լուիզայի հարազատները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ պատրաստ են նաև դիակի դատաբժշկական փորձաքննության պատասխանները, որոնցով ամրագրվել է, որ Լուիզայի մահը վրա է հասել սիրտ-թոքային անբավարարության և անզգայացման՝ նարկոզի չարաշահման արդյունքում։ «Մեզ ասում էին՝ թոքերի թրոմբ ունի ու դրա պատճառով թույլ չէին տալիս տեղափոխենք ուրիշ հիվանդանոց, բայց պարզվեց՝ ոչ մի թրոմբ էլ չկա թոքերում։ Նարկոզը այնքան ուժեղ են տվել, որ մնացել է դրա տակ, չի արթնացել»,-մեզ հետ զրույցում ասաց Լուիզայի քույրը։

Լուիզայի հարազատները զարմանում են, որ Արմեն Խաչատրյանը դեռ ազատության մեջ է ու գործ ունի այլ հղիների հետ։ Նրանք մատնացույց են անում Խաչատրյանի մասնակցությամբ այլ ծննդկանների մահվան դեպքերի, որոնցից հետո այդ բժիշկը շարունակել է աշխատել և պատասխանատվության չի ենթարկվել։

Երևանի Մարգարյան հիվանդանոցի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը 2017-ի դեկտեմբերին դատարանում էր հայտնվել՝ ծննդկանի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի՝ Արմեն Խաչատրյանը 2017թ. հունվարի 14-ին, ժամը 13:15-ին, Նարինե Գեդեոնյանին պտղի հիպօքսիա հայտնաբերելու և ծննդալուծումը կեսարյան հատման միջոցով կատարելու ցուցումի պայմաններում, տվյալ վիրահատությունը նախապատրաստող բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանին հանձնարարել է մասնակցել մեկ այլ վիրահատության կատարմանը, ինչպես նաև հիշյալ բուժհիմնարկի մանկաբարձական բաժնում այդ պահին գտնվող հերթապահ այլ մանկաբարձ-գինեկոլոգին չի հանձնարարել Ն. Գեդեոնյանի ծննդալուծումը կատարել կեսարյան հատման միջոցով, այսինքն՝ վերջինիս բուժման գործունեությունը չի կազմակերպել: Այս ամբողջի հետևանքով Նարինե Գեդեոնյանի իգական սեռի հասուն պտուղը մահացել է, տեղի է ունեցել հղիության ընդհատում՝ Ն. Գեդեոնյանի առողջությանը անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:

Այդ ժամանակ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Մեկ այլ դեպք էլ Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ գրանցվել է 2017-ի ապրիլի 18-ին։ Առանց որևէ լուրջ խնդրի հղիության ամբողջ ընթացքն անցած ծննդկանը ծննդաբերական ցավերով ապրիլի 18-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, զանգահարել է բուժող բժշկին՝ Քրիստինե Աբրահամյանին և անմիջապես գնացել հիվանդանոց: Այնտեղ, ծննդկանի պատմելով, Գեորգի Օկոևի ցուցումով ծնունդն ընդունող բժիշկ է նշանակվել ծննդատան բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանը, որն էլ ժամը 11։00-ի սահմաններում ծննդաբերական կծկումներ առաջացնող հաբեր է տվել և հեռացել։ Դրանից հետո՝ մինչև երեկո, ծննդկանին ոչ ոք չի մոտենում, թեև նա անտանելի ցավեր է ունենում։ Արդյունքում՝ գիշերը ժամը 22։00-ին ծննդկանին տանում են կեսարյան հատման, բայց արդեն պտուղը լուրջ վնասվածքներ է ստացած լինում։ Երեխան թթվածնային քաղցի պատճառով ստացել էր ուղեղի լուրջ վնասվածք, որի պատճառով ամբողջ կյանքում հաշմանդամ է մնալու։

Այս դեպքից հետո էլ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով գործ է հարուցվել, և Արմեն Խաչատրյանը դարձյալ ստորագրությամբ ազատ է արձակվել։

Ի դեպ, Լուիզայի ազգականների խոսքերով՝ դեպքի օրը Արմեն Խաչատրյանը եղել է ոչ ադեկվատ վիճակում և նրա բերանից ալկոհոլի հոտ է փչել։ Հարազատները նաև Խաչատրյանից հետաքրքրվել են, թե ինչու կեսարյան հատման որոշում կայացնելուց հետո իրենց տեղյակ չեն պահել և համաձայնություն չեն ստացել, Խաչատրյանը պատասխանել է, որ դա իրենց՝ բժիշկների ներքին գործն է։ «Բայց մենք պայքարելու ենք մինչև վերջ, մինչև որ Արմեն Խաչատրյանը ենթարկվի պատասխանատվության, կրի իր պատիժը բանտում, այլ ոչ թե ազատության մեջ, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն։ Մենք Լուիզային հետ չենք բերի, բայց մեր պայքարով կարող ենք հասնել նրան, որ այդ հիվանդանոցում չմահանան անգամ իրենց երեխայի առաջին ճիչը չլսած ծննդկաններ։ Ու փոխարենը, Արմեն Խաչատրյանի նմանները վազուց զրկված լինեին լիցենզիայից, նրանց արգելվեր ծնունդներ ընդունել, նրանք իրենց համար ազատ շրջում են ու աշխատում»,- եզրափակեց Լուիզա Ավետիսյանի քույրը։

Աղբյուր՝ 1in.am