«Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքում առերևույթ չարաշումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մաղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին (այժմ՝ «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է՝ նա 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել։

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մամուլի բաժնից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի մեղադրանքները փոփոխվել և լրացվել են, քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ:

Ձեռք բերված հանցավոր համաձայնությունն իրականացնելու նպատակով Սեդրակ Առուստամյանը «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Ավագյանի և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի միջև ծառայությունների մատուցման և համագործակցության վերաբերյալ թվով 2 կեղծ պայմանագրերի կնքումը: