Մուլտիմիլիոնատերերը փորձում են փրկել ունեցվածքը. ինչից են վախենում

«Հայկական ժամանակը» գրում է․ Մուլտիմիլիոնատերերը փորձում են փրկել ունեցվածքը։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, անցյալ տարի միայն բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս է բերվել մոտ 1,2 միլիարդ դոլար։ Սա իսկապես պատկառելի թիվ է, առավել եւս՝ որ կանխիկի տեսքով նույնպես լուրջ գումարներ են դուրս բերվում երկրից։

Ընդ որում՝ այս տվյալները ներկայացնող լրատվամիջոցները նաեւ եզրակացություններ են անում, թե տեսեք՝ հեղափոխությունից մեկ տարի անց էլ ոչինչ չի փոխվել, արտագաղթը շարունակվում է, իշխանությունների՝ նախկիններին պատժելու ձգտումն էլ շատերին ստիպում է կապիտալը դուրս բերել երկրից․․․ Մի խոսքով՝ իշխանություններն են մեղավոր։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում, ովքե՞ր եւ ինչո՞ւ են իրենց կապիտալի համար ավելի ապահով վայրեր փնտրում։ Սկսենք նրանից, որ առաջին հայացքից խիստ մտահոգիչ այդ թիվը՝ 1,2 միլիարդը, իրականում ոչինչ չասող ցուցանիշ է, որովհետեւ այդ գումարի մի մասը դուրս է բերվում ապրանքներ ներկրելու նպատակով, նույն բանկային համակարգով Հայաստան է մտնում հսկայական կապիտալ, եւ այլն։ Բայց ամեն դեպքում՝ երեւույթին արժե անդրադառնալ։

Նախ՝ իբր շարունակվող արտագաղթի մասին։ Եթե նման բան լիներ ու դրա արդյունքում կապիտալի արտահոսքն ավելանար (այսինքն՝ մարդիկ վաճառեին իրենց բնակարաններն ու հեռանային երկրից), անշարժ գույքի գները կնվազեին։ Մինչդեռ, պաշտոնական տվյալների համաձայն, անշարժ գույքը թանկացել է մոտ 10 տոկոսով։ Այսինքն՝ այս «փաստարկը» մեջտեղից դուրս է գալիս։ Անցնենք առաջ։

Հասկանալի է, որ հազիվ թե ամսական մի քանի հարյուր հազար դրամ վաստակողներն այդ գումարի մի մասը դուրս բերեն երկրից (ասենք՝ ուղարկեն դրսում ապրող իրենց ազգականներին, բիզնեսներ հիմնեն արտասահմանում կամ հաշիվներ բացեն շվեյցարական բանկերում)։ Այսինքն՝ կապիտալն «ապահով վայրեր» տեղափոխողները հիմնականում մուլտիմիլիոնատերերն են։ Իսկ ինչո՞ւ են այդպես վարվում, ինչի՞ց են վախենում։

Հիմնական պատճառները երկուսն են։ Առաջին՝ խոշոր կապիտալի սեփականատերերի մեծ մասը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու այս կամ այն կերպ նրանց հետ փոխկապակցված անձինք են եւ իրենց հարստությունը կուտակել են, մեղմ ասած, կասկածելի ճանապարհներով։ Ու հիմա, երբ նախկին գործերը հերթով բացվում են, նրանք իրական վտանգ են զգում եւ փորձում են փրկել ունեցվածքը։

Երկրորդ՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ կան, ովքեր մուլտիմիլիոնատերեր են դարձել ոչ թե իրենց բիզնես-տաղանդի շնորհիվ, այլ մենաշնորհների ու հարկերը թաքցնելու արդյունքում։ Եվ քանի որ հիմա մենաշնորհները պահպանելը շատ դժվար է, հարկեր թաքցնելն՝ առավել եւս, քվոտաների համակարգը վերացված է, ու նորմալ մրցակցային դաշտ կա, այդ գործարարները պարզապես չեն կարող (կամ՝ «զահլա չունեն») դիմանալ մրցակցությանը։ Եվ բնականաբար՝ պիտի ձգտեն բիզնեսները դուրս բերել երկրից։

Զավեշտն այն է, որ այս իրավիճակի մեղավոր են հռչակվում այսօրվա իշխանությունները։ Այսինքն՝ այսօրվա իշխանություններն են մեղավոր, որ նախկինում մարդիկ ապօրինաբար հարստացել են, բիզնեսի ոլորտում էլ հակամրցակցային միջավայր է ձեւավորվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։