Մամուլ

Մորս չասեք, որ զոհվել եմ, խաբեք, ասեք վիրավոր եմ․ Տիգրան Հարությունյանը ևս անմահացավ

Մորս չասեք, որ զոհվել եմ, խաբեք, ասեք վիրավոր եմ․ Տիգրան Հարությունյանը ևս անմահացավ

ԼՈՒՐԵՐ.com-ը գրում է․ Երեկվանից համացանցում լայն տարածում ստացավ մի տեսանյութ, որում մի զինվոր էր երգում: Երգը նա նախօրոք պատրաստել էր մայրիկի համար և խնդրել էր ընկերներին, որ եթե իրեն մի բան պատահի, իր «վերջին խոսքը» հասցնեն մայրիկին:

Տեսանյութի այդ հերոսը Տիգրան Հարությունյանն էր, որի անունը ևս հայտնվեց իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրածների ցուցակում. 

«Երեկ իր անմահանալու 7-րդ օրն էր: Իր հետ ծառայող տղաներից մեկից երեկ մի նամակ ստացանք: Տիգրանի վերջին խոսքը հասավ մայրիկին»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տիգրան Հարությունյանի քույրը՝ Աննա Հարությունյանը:

Վերջինիս խոսքերով Տիգրանը 9 ամսից պետք է վերադառնար տուն, ծառայում էր Խնձորեսկում: Նա սովորում էր Գյումրու Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 4-րդ կուրս փոխադրվելուն պես զորակոչվեց բանակ։ Տիգրանը ծառայության ընթացքում աչքի էր ընկնում իր ձայնով, ծառայության ընթացքում բազմաթիվ միջոցառումների էր մասնակցել. 

Տիգրան Հարությունյան

«Ազատ ժամանակ շատ էր սիրում երգել, բանաստեղծություններ գրել: Այնքան սիրուն ու խորն էր գրում:  Մի փոքրիկ վիպակ ուներ գրած, որը նախքան բանակ զորակոչվելն էր գրել, որոշել էր տպագրել այն, բայց այդպես էլ չհասցրեց: Մենք Տիգրանին խոստացել ենք, որ իր ոչ մի երազանք ու նպատակ անկատար չենք թողնելու»,- ընդգծեց Աննան:

Ինչպես նշում է զինվորի քույրը, Տիգրանը հոգատար էր, խելացի և չափազանց հայրենասեր: Նա երբեք չի բողոքել իր ծառայությունից. 

«Վերջի անգամ մենք իր հետ զրուցել ենք հոկտեմբերի 13-ին, ու այդ օրը մեզ ասաց՝  առյուծ տղերք ենք, չվախենա‘ք: Այդ զրույցից հետո 2 օր տեղեկություն չունեինք Տիգրանից: Հետո մեզ ասացին, որ Տիգրանը վիրավորվել է, բայց ինքն արդեն անմահացել էր, պարզապես, մեզ էին խնայել:

Ամսի 16-ին մենք  արդեն իմացանք, որ Տիգրանը բեկորային վնասվածք էր ստացել ու զոհվել» ,- պարզաբանեց նա:

Տեսանյութը ստորև

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում