Մոսկվան սկսեց զայրանալ. Նոր թղթեր չեն ընդունելու, իսկ Փաշինյանից քայլ են սպասում

Մոսկվան սկսեց զայրանալ. Նոր թղթեր չեն ընդունելու, իսկ Փաշինյանից քայլ են սպասում

Hayeli.am-ը գրում է․ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը կարգավորվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով МГИМО-ի ուսանողների և դասախոսների առջև:

Նա հայտնել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ. «Մենք զգում ենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը խաղաղվի և վերսկսվեն այն հանդիպումները, որոնք կազմակերպում են համանախագահների ներկայացուցիչները տարածաշրջանում»:

Ապա՝ Լավրովը ուշագրավ պարզաբանում է արել. «Մեր գիծը հենվում է 18 տարիների ընթացքում ձևավորված համալիր փաստաթղթերի վրա, կան այսպես կոչված` «Մադրիդյան սկզբունքներ, և կան փաստաթղթերի թարմացված տարբերակներ: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես այսպես կոչված` լճացման պայմաններում լսվում են ձայներ, որ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից և սկսել մաքուր էջից, կամ էլ ինչ-որ «Պլան Բ»-ի գործողության մեջ դնելու մասին են խոսում:

Մենք կարծում ենք, որ դա մեծ սխալ է, վստահ ենք, որ վերջին տարիներին արվածը պետք է մնա որպես մեր հետագա աշխատանքների հիմք: Ես չեմ բարձրաձայնի, թե նախնական ինչ համաձայնություններ կան, դա կոնֆիդենցիալ է, բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այնտեղ կան հանգուցալուծումներ, որոնք արդարություն կապահովեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի համար», – ասել է նա:

Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք Լավրովի մեկնաբանությունը, ապա նրա ասածը հետևյալն է՝ նոր մշակումներ կարգավորման վերաբերյալ ցանկալի չեն, քանի որ կան արդեն իսկ համաձայնեցված սկզբունքներ, տարրեր: Իսկ եթե ավելի մանրամասնենք՝ Լավրովը ուզում է հասկացնել, որ ռուսական մշակումներն են ցանկալի:

Հետաքրքիրն այն է, որ Լավրովի ելույթից ընդամենը մեկ-երկու օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Интерфакс»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ՝ Ղարաբաղյան կարգավորումը քննարկելու համար, ապա հավելել էր. «… Մենք և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել ենք մի շարք առաջարկներ։ Այդ բոլոր գաղափարները պետք է իրագործվեն»:

Այսինքն, Լավրովը, փաստորեն, պատասխանել է Մնացականյանի՝ «ներկայացրել ենք մի շարք առաջարկներ» հայտարարությանը, հասկացնել տալով, որ նոր «փաստաթղթեր» չեն ընդունվում:

«Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը: Եվ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է նրանում, որ պետք է փնտրել փոխզիջումներ, ապահովել անվտանգություն, հրաժարվել ուժի կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից», – վստահեցրել է Մնացականյանը հավելելով. «հրադադարի ամրապնդումը և մշտական միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրումը շարունակում են մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում