Մոսկվան կփորձի իր լծակներով ճնշում գործադրել Փաշինյանի վրա

Մոսկվան կփորձի իր լծակներով ճնշում գործադրել Փաշինյանի վրա

1in.am-ը գրում է․ Ռուսաստանյան լրատվամիջոցներում հակափաշինյանական հոդվածները, ռուս քաղաքագետների ակնհայտ հակաիշխանական արձագանքները Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսների շուրջ համեմվեցին «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների ու Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումով։

ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 17-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությանը ուղղված հարցեր:

Խորհրդարանականները նաև կիսվել են իրենց տեսլականով երկրի ներքաղաքական օրակարգի որոշ խնդիրների վերաբերյալ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ տեղի ունեցած հանդիպումը միանգամայն նորմալ է, որովհետև Ռուսաստանը Հայաստանում ունի շահեր, որոնք նա հետապնդում է՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի ընդհանուր լանդշաֆտը։

«Կան նաև հիմնավոր պնդումներ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ թելերով կապված է Ռուսաստանի հետ։ Բելառուսի նախագահի և Ծառուկյանի շփումներն էլ ընկերական են։ Կապված լինել Բելառուսի հետ, իսկ Ռուսաստանի՝ ոչ, բավականին բարդ է մեր տարածաշրջանում։

Ամենայն հավանականությամբ, «Բարգավաճ Հայաստանը» ունի որոշակի հարաբերություններ նաև ռուսական որոշ շրջանակների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ նորություն չէ նաև ռուսաստանյան տարբեր փորձագետների, լրատվամիջոցների հակափաշինյանական դիրքորոշումը. «Նրանք փորձում են հայ-ռուսական հարաբերություններում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի Կրեմլի համար շատ ավելի հեշտ լինի Հայաստանից ավելի մեծ մասնաբաժին ստանալ տարբեր հարցերի շուրջ։

Հաշվի առնելով, որ մոտակա օրերին սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար, ամենայն հավանականությամբ, դրա հետ կապված ռուսական լրատվամիջոցները կարող է պատվեր ստացած լինեն թե՛ Կրեմլից և թե՛ ռուսական ամենատարբեր շրջանակներից։

Նրանք աշխատում են բավականին ռացիոնալ, և այդ ռացիոնալության հիմքում ընկած է Ռուսաստանի պետական շահը»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում