«Մոջո» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել, ոստիկանություն տեղափոխված 5 հոգուց 4-ը կանայք են

«Մոջո» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել, ոստիկանություն տեղափոխված 5 հոգուց 4-ը կանայք են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախաքննություն է սկսվել հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները Իսակովի պողոտայում գործող «Մոջո» ռեստորանային համալիրի մոտից ծեծկռտուք կատարելու և միմյանց նկատմամբ մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանություն են տեղափոխել մի քանի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ՝ 64-ամյա Վարդիթեր Մ-ն, 37-ամյա Աշոտ Մ-ն, 22-ամյա Իրինա Մ-ն, 27-ամյա Կարինա Չ-ն և 31-ամյա Ռուզաննա Ա-ն։

Պարզվել է, որ վերջիններս նշված ռեստորանային համալիրում վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք ոստիկանությունում հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալ։