Մնում է Սբխեչն էլ առիթ դարձնեն, որ ինչ-որ մեկին մի մեդալ տան. Ռաֆայել Երանոսյան

Life.panorama.am -ը դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ զրուցել է վերջերս ԱՄՆ կատարած շրջագայության, այնտեղ անցկացրած հանգստի, առաջիկա անելիքների, ինչպես նաև Մարտի 8-ին կանանց շնորհված պարգևատրումներից հետո մեծ տարածում գտած իր զավեշտալի տեսանյութի մասին:

Կամերային թատրոնի դերասանը ԱՄՆ էր մեկնել հատուկ ծրագրով՝ Աշոտ Ղազարյանի և Արփի Գաբրիելյանի հետ մասնակցելու ամերիկահայ հանդիսատեսի համար կազմակերպված հումորային համերգին: «ԱՄՆ-ում ներկայացումով էինք հանդես գալիս, որը գրված էր այնտեղի հայերի համար:

Ներկայացման տեսքով առաջին անգամն էր համագործակցությունը Աշոտ Ղազարյանի և Արփի Գաբրիելյանի հետ. շատ հաճելի էր նրանց հետ համագործակցելը: Ներկայացման սցենարը գրել էր Արմեն Վարդանյանը, բեմադրել էր Արշալույս Հարությունյանը:

Ներկայացումը, որը գրված էր հենց լոսահայության համար, հաջող անցավ, լեփ լեցուն դահլիճում»,- պատմեց Ռաֆայելը, իսկ հարցին, թե տվյալ ներկայացումը երևանյան հանդիսատեսին չեն ներկայացնի, պատասխանեց. «Այն հումորները, որ կար ներկայացման մեջ, այնտեղի համար էր, այստեղ, կարծում եմ, չեն հասկանա:

Եթե Հայաստանում այն խաղանք, ապա պետք է ադապտացնել այստեղի հանդիսատեսի համար»: Պատասխանելով հարցին, թե տարբերվո՞ւմ է ԱՄՆ-ի հանդիսատեսը Հայաստանի քննադատ հանդիսատեսից, Ռաֆայել Երանոսյանն ասաց, որ երբ հանդիսատեսին ներկայացվում է որակյալ գործ, հանդիսատեսը վայելում է, եթե ներկայացվում է քննադատման ենթակա գործ, ապա բնական է, որ պետք է քննադատեն:

«Եթե առողջ է քննադատությունը, ապա գովելի է: Կապ չունի հանդիսատեսն այստեղի է, թե՝ այնտեղի: ԱՄՆ-ում բնակվողները այստեղի բարքերից քաջատեղյակ են, եւ երբ դու այստեղից գնում ես, բնականաբար, նրանք կարոտով, ավելի ջերմությամբ են վերաբերում, ծափահարում, որովհետև իրենք կարոտով են նայում քեզ:

Հայը մնում է հայ, եթե դու լավ բան ես անում, հանդիսատեսի գտնվելու վայրը կապ չունի, նա, միևնույն է, ծափահարելու է քեզ»,- ասաց նա:

Նյութի աղբյուրը՝  Life.panorama.am