Մամուլ

Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե մանկապարտեզներից մեկում ծնողների ու երեխաների ներկայությամբ ցուցադրաբար ծխել է՝ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ:

Իմ պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզներում ռեֆորմներն այնքան նկատելի են, որ անգամ փողոցում ծնողներից պարբերաբար շնորհակալության խոսքեր եմ լսում: Այն, որ հոդվածում գրվածը անհեթեթության ժանրի սուտ է, կարծում եմ, պարզ է ցանկացածին, ուստի ավելի ճիշտ եմ համարում ներկայացնել դրա հնարավոր պատճառները:

Քաղաքապետի աշխատանքում կան բազմաթիվ կողմեր, որոնք շարքային քաղաքացուն հայտնի չեն. պարբերաբար «տրորվում են» այնպիսի մարդկանց պոչեր, ովքեր նախկինում իրենց արտոնյալ էին համարում:

Այս հոդվածը զարմանալորեն հայտնվեց այն բանից հետո, երբ մանկապարտեզի մեկ տնօրեն հեռացվեց անբարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև այն բանից հետո, երբ քաղաքին վերադարձվեց տարածք, որը զավթել էր մի նախկին պաշտոնյա:

Այն, որ հոդվածը գրված է պատվերով, կարծում եմ, ակնհայտ է յուրաքանչյուրին, իսկ այն, որ այն գրվել է հենց այսօր, հիմք է տալիս պատճառները փնտրելու իմ վերևի գրածում:

Ցանկանում եմ հայտարարել, որ ինչքան շատ այսպիսի ստոր քայլերի դիմեն, այնքան ավելի մեծ նվիրումով եմ պայքարելու օրինականության հաստատման համար: Դե իսկ «Ժամանակ» թերթի խմբագրի հետ կհանդիպենք դատարանում»:

Կիսվել