«Մինչև վառելիք է բերել, մեքենան տարել են». ադրբեջանցիները գողացել են արցախցու «ՈւԱԶ»-ը

«Մինչև վառելիք է բերել, մեքենան տարել են». ադրբեջանցիները գողացել են արցախցու «ՈւԱԶ»-ը

Sputnik Արմենիան գրում է․ Տեղ համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցու վառելիքը ճանապարհին վերջացել է։ Մինչ նա գնացել է գյուղ վառելիքի հետևից` ադրբեջանցիները գողացել են մեքենան։

Օրերս ադրբեջանցիները գողացել են Տեղ գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած Արցախի բնակիչներից մեկի «ՈւԱԶ»-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։

«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ. տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։ Վերադառնալիս շփոթվել է և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատվածը։ Հետո հասկացել է և մեր տարածք փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է»,–պատմեց Շադունցը։

Դրանից հետո արցախցին մեքենան թողել է այդ տարածքում` միջանցքի հատվածում և Տեղ համայնք շտապել, որպեսզի վառելիք վերցնի։ Սակայն երբ հետ է վերադարձել մեքենայի մոտ, այն արդեն տեղում չի եղել` ադրբեջանցիները տարած են եղել։