Մամուլ

Մեր չեմպիոններին առանց որևէ բացատրության արգելվեց մասնակցել առաջնությանը․ Գրիշա Թամրազյան

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը հայտարարություն է տարածել.

«Վերջին երեք տարիներին ըմբշամարտի թիմի հետ ներկա եմ գտնվել գրեթե բոլոր խոշոր մրցաշարերին, այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև Փարիզի Օլիմպիական խաղերին։ Տղաների հաղթանակները միշտ էլ մեծ հպարտություն են պարգևում, սակայն առանձնակի ոգևորությամբ ենք ընդունում թուրք և ադրբեջանցի ըմբիշների դեմ տարած հաղթանակները։

Նախապես իմանալով, որ այս տարվա ըմբշամարտի Բանակայինների աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Հայաստանում՝ ըմբշամարտիկների մոտ մեծ ոգևորություն էր առաջացել, որ իրենց հաղթանակներով կարող էին բարձրացնել բանակի ոգին և տոն պարգևել մեր հայրենակիցներին։

Թեև մյուս թիմերի կազմերում կան մարզիկներ, ովքեր չեն գտնվում ժամկետային ծառայության մեջ (ինչը օրենքով արգելված չէ), մեր պատասխանատուները մինչև մրցաշարը հստակեցրեցին, որ այս տարի Հայաստանի թիմում լինելու են միայն ժամկետային զինծառայողներ։ Առաջին հիասթափությունը մարզիկների մոտ եղավ այդ պատասխանը լսելուց հետո։

Տարիներ շարունակ բոլոր երկրները Բանակայինների առաջնությանը մասնակցելու և հաղթանակներ գրանցելու նպատակով պայմանագրային հիմունքներով ներգրավում են իրենց առաջատար մարզիկներին։

Երկրորդ հիասթափությունն էլ եղավ նոյեմբերի 15-ին, երբ ժամկետային զինծառայության մեջ գտնվող մեր չեմպիոններին, առանց որևէ ողջամիտ բացատրության, ևս արգելվեց մասնակցել առաջնությանը։ Ի դեպ, Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող առաջնությանը ներկայանում իր «առաջին կազմով»։ Թուրքիայի կազմում են աշխարհի ու Եվրոպայի երկու չեմպիոն (մեկը գործող), Եվրոպայի երկու չեմպիոն և աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիրներ։

Կարևոր է, որ մեր չեմպիոնները բարձրաձայնեցին, որ իրենց չեն ընդգրկել հավաքականի կազմում և հասարակությունը տեղեկացավ այս ամենի մասին։ Վստահ եմ «առաջին կազմով» ներկայանալու պարագայում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ կտաներ։ Մնում է հասկանալ, թե չեմպիոնների փոխարեն ո՞ւր են տանում մեր երիտասարդ ըմբիշներին, ծրագրավորված պարտությա՞ն…

Տղե՛րք, գլուխներդ բարձր, դուք գորգում բազմիցս ապացուցել եք՝ դուք հաղթող եք ու Հայաստանն էլի դառնալու է հաղթողների երկիր»:

Կիսվեք էջում