Մեր ուշադրությունից վրիպել է մի փոքրիկ դետալ․ Ծովինար Վարդանյան

Մեր ուշադրությունից վրիպել է մի փոքրիկ դետալ․ Ծովինար Վարդանյան

ՔՊ-ական ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի շատ հետաքրքիր փաստի մասին։

Երևի բոլորն են հիշում 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում ծավալված իրադարձությունները կապված ընդունվող օրենքի և դրան հաջորդող գործողությունների հետ։

Այս աղմուկի մեջ մեր ուշադրությունից վրիպել է մի փոքրիկ դետալ։ Հայտնի օրենքի նախագծում տիկին Արփինե Հովհաննիսյանը իրեն հատուկ «պրոֆեսիոնալիզմով» առաջարկ է ներկայացրել, լրացնել 22 հոդվածը՝ Քննիչ հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքները եւ պարտականությունները, հետևյալ բովանդակությամբ՝

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաև նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու և բացատրություններ տալու հրավերն ստացվել է մինչև պաշտոնից ազատվելը»։

Արփինե Հովհաննիսյան

Ես իրավաբանական կրթություն չունեմ, բայց տրամաբանությունը հուշում է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև որևէ անձի պաշտոնանկությունից հետո, և հենց այդ անձի գործունեության հետ կապված կարող են լինել հարցեր։

Ի՞նչ մոտիվներով են նման փոփոխություն կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում նախկին պատգամավորները, եթե մինչ այդ օրենքը իմպերատիվ պահանջում էր հրավիրվածի ներկայությունը, ու՞մ համար էին այդքան անհանգիստ, որ չեն խնայել նույնիսկ իրենց պատգամավորական լայն լիազորությունները։ Ինչևէ․․․

Հայտնեմ նաև, որ քննիչ հանձնաժողով ներկայանալու պարտավորության և այդ պարտավորությունը խախտելու վերաբերյալ հարցերին մենք կանդրադառնանք մեր իրավասությունների շրջանակներում»։