Մենք 40+1-ը անցնելու ենք, մնացած ձայները բաշխվելու են ու փոշիանան, փոշին շատ է լինելու. Մարուքյան

 

Այս ընտրություններում մեդիայի կողմից ստեղծված են ֆավորիտներ, որ հեսա ջախջախելու են, հաղթելու են, բայց երբ դաշտային մակարդակում շփումներ ես ունենում, տեսնում ես, որ դա այնքան էլ այդպես չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով նախօրեին իր արած հայտարարությանը, թե պետք չէ հավատալ սոցիոլոգիական հարցումներին, եւ որ իրենց թիմը հաղթելու է, Էդմոն Մարուքյանն ասաց. «Մեր մոնիտորինգը տնետուն գնալն է, մարդկանց հետ շփումներն են, որի արդյունքում արձանագրել ենք հետեւյալը, որ մարդիկ, որոնք ձայն են տալու «Լույս» դաշինքին, միանգամից չեն ասում, ու դա չեն դարձնում թրենդ, բայց դրանք հազարավոր մարդիկ են: Այս առումով, ես շատ վերապահում ունեմ բոլոր տեսակի ուսումնասիրությունների արդյունքների հանդեպ, որովհետեւ դրանք հետեւում են թրենդներին, իսկ թրենդները այլ են մեր պատկերացումներով:

Ես այս ընտրությունները շատ եմ նմանեցնում ԱՄՆ նախագահական ընտրությանը, որտեղ բոլոր ուսումնասիրություններով Հիլարի Քլինթոնը հաղթում էր, բայց եղավ հակառակը»:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ մեդիայի կողմից ստեղծված են ֆավորիտներ, որ հեսա ջախջախելու են, հաղթելու են, բայց երբ շփումներ են ունենում, տեսնում են, որ դա այնքան էլ այդպես չի. «Մեր զգացողությունները, մեր ուսումնասիրությունները մեզ վստահեցնում են, որ Արտակ Զեյնալյանը չեմ ասում՝ 50 տոկոս ձայն է ստանալու, բայց 40+1-ը անցնելու ենք: Դա մեխանիկորեն նշանակում է, որ նա դառնալու է Երեւանի քաղաքապետ: Մնացած ձայները բաշխվելու են եւ շատ ձայներ փոշիանալու են, որովհետեւ շատ ուժեր են մասնակցում, ու փոշին մեծ է լինելու: Այդ փոշիացած ձայները բոնուսի ձեւով բաշխվելու է բարիերը հաղթահարած ուժերի միջեւ»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ հիմնական ուժերն են «Լույս» դաշինքը, «Իմ քայլը» դաշինքը եւ ԲՀԿ-ն:

Աղբյուր՝ news.am