Մենք կարողացե՞լ ենք ճիշտ ժամանակին գնահատել բոլոր էն մարդկանց, ովքեր կարևոր պիտի լինեին այսօր․ Մարջան Ավետիսյան
Թովմաս Առաքելյանի «Հայացք» հաղորդման հյուրն է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։
Զրուցել ենք ներելու, մարդկանց սխալվելու իրավունք տալու, անցյալը վերաիմաստավորելու, Աստծով և Աստծո հետ հաշտվելու մասին։ Մեր ազգի սարսափելի բևեռացման և օրեցօր ավելացող ատելության քարոզի պայմաններում շատ կարևոր են նման մտքերը։
«Տատիկս 1 ու կես տարի առաջ է մահացել, որի անունը ես կրում եմ: Կուզեի տատիս հետ շատ ժամանակ անցկացնել: Վերջին 10-15 տարիներին շատ ավելի քիչ է եղել այդ շփումը, որովհետև ես կենտրոնացել էի իմ մասնագիտության վրա ու շատ կարևոր բաներ իմ կյանքից գնացին:
Ամենածանր պահը պատերազմից հետո նաև այն էր, որ տատիկս ինձ չճանաչեց: Ինքն արդեն ծեր էր ու, երբ ես մոտեցա նրա անկողնուն, տեսա աչքեր, որոնք ինձ ծանոթ չէին: Ես առաջին անգամ տեսա այդ խորը հայացքը, ոը գնում է ինձնից:
Նա ասաց, որ ինձ չի ճանաչում, բայց զգում է, որ մենք հարազատ ենք: Ու ես շատ փլվեցի: Կուզեի վերադառնալ մանկություն ու Մարջիկ տատիկիս հետ շատ շփվեի, ինքը շատ հետաքրքիր ու խորը կին էր»։