«Մենք կարողացանք փրկել մեր ընտանիքը». դերասաններ Լուսինն ու Վահագնը՝ 2-րդ անգամ օրինական ամուսնության և դստեր արձագանքի մասին

«Մենք կարողացանք փրկել մեր ընտանիքը». դերասաններ Լուսինն ու Վահագնը՝ 2-րդ անգամ օրինական ամուսնության և դստեր արձագանքի մասին ․

Կյանքի հերթական չարաճճի խաղ  թե՞ ճակատագրի հեգնանք՝ դժվար է ասել: Այո՛, երբեմն կյանքն անկանխատեսելի է և անակնկալներով լի: Իրադարձություններ մարդու կյանքում, որոնք հիմնովին կարող են փոխել ամեն ինչ: Այսպիսի մի հետաքրքիր ու խորամանկ փորձություն էլ կյանքը նախատեսել էր դերասաններ Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի համար:

Ժամանակին ամուսնինների բաժանումը  մեծ աղմուկ էր բարձրացրել, իսկ որոշ ժամանակ անց, պարզվեց՝ դա էլ կյանքի հերթական խաղ ու փորձություն էր նրանց համար. ինչո՞ւ ոչ, գուցե առավել ամուր ընտանիք ունենալու և այն պինդ պահելու համար: Ասվածի  վառ ապացույցը  ամուսինների՝ օրեր առաջ 2-րդ անգամ քաղաքացիական ամուսնություն գրանցելն է: Իրենց, հուզմունքի, ունեցած ապրումների, առավել պատասխանատվություն զգալու և դստեր արձագանքի մասին դերասանուհին պատմել է ShowBiz.am-ին:

«Ճիշտն ասած, շատ զավեշտալի էր 2-րդ անգամ ամուսնությունը: Մտանք ներս ու զագսի վարիչը ժպիտով նայեց ու ասաց. «Ես գիտեի, որ դուք նորից եք գալու»: Իսկ շարունակությունն ու ստորագրելու պահն ավելի հումորային էր»,- ժպիտով պատմում է դերասանուհին:

օրինական ամուսնության

Լուսինի խոսքով՝ առաջին անգամ ամուսնության պալատ մտնելն ավելի ռոմանտիկ էր ու երազային, իսկ այս 2-րդ անգամն առավել պատասխանատու էր ամեն բան, ավելի հպարտ, որովհետև անցյալում էին մնացել ու հաղթահարվել բազում փորձություններ, դժվարություններ ու անհարթ, խորդուբորդ ճանապարհներ. «Հակառակ գործընթացը՝ ամուսնալուծությունը, ևս շատ գիտակցված և շատ լուրջ քայլ էր մեր կողմից: Երբեք չենք մտածել, որ դա խաղ ու պար է: Ուղղակի խնդիրները լուծվեցին այնպես, որ մենք կարողացանք փրկել մեր ընտանիքը. պետք է ամեն ինչ փորձել բարձր արժեքների համար»,-վստահեցնում է նա:

Վահագնի և Լուսինի 2-րդ ամուսնությունն առավել օրիգինալ էր, քանզի  այդ պատասխանատու պահին նրանց հետ էր նաև իրենց դուստրը՝ 5-ամյա Ռուզիկը:

«Ռուզիկիս ռեակցին շատ հետաքրքիր էր. նա վստահ էր, որ ես պետք է հարսի շոր հագնեի և, անպայման, միանգամից բալիկ ունենայի: Աղջիկս բոլորի մոտ ասաց.«Չէ՞ որ բալիկները ամուսնությունից հետո են ծնվում: Հիմա որ ամուսնացաք, ե՞րբ կծնվի բալիկը»: Իսկ հիմա ամեն օր հարցնում է՝ ու՞ր է բալիկը: Իսկ ստորագրելու պահին վերցրեց հեռախոսն ու սկսեց մեզ նկարել»,- երջանկությամբ պատմում է Լուսինը:

Որպես այս բարդ ճանապարհը անցած ու հաղթահարծ մարդ, բազում դժվարություններ, կորուստ ու կրկին վերագտնելու զգացում ունեցած կին՝ դերասանուհին զրույցի վերջում իր խոսքն ու խորհուրդը տվեց բոլոր երիտասարդ զույգերին. «Ընտանիքը կարելի է և պետք է փրկել այն ժամանակ, երբ կա փոխադարձ սեր ու հարգանք. մնացած խնդիրները լուծելի են:

Լուսին ու Վահագն

Պետք է միմյանց տալ հնարավորություն պահելու և փրկելու ամենամաքուրն ու ամենամնայունը: Իսկ հակառակ դեպքում, երբ հնարավոր չէ ոչինչ անել և փլուզվում է այն, կարծում եմ, որ պետք է կանգնել ոտքի՝ ավելի պինդ ու ամուր, քան առաջ էր, պետք է առաջ նայել ու լինել շատ ավելի հզոր ու երջանիկ: Ամեն մարդ ինքը պետք է հասկանա՝ ինչն է իր համար լավ ու գերադասելի: Բոլոր դեպքերում, անդունդի եզրին կանգնած մարդը պետք է ավելի ուժեղանա, ոչ թե թուլանա ու ընկնի: Ուժեղն է վայելում կյանքը, թույլին խղճում են ու անցնում առաջ»:

Զրույցի վերջում դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այսօր նա երջանիկ է . «Այո՛, երջանկության զգացողությունն էլ է ունակություն: Մարդ պիտի ունակ լինի հասկանալու՝ որն է իր համար երջանկությունը, պիտի կարողանա շնորհակալ լինել իրեն տրված երջանկության համար ու դա ավելի ծաղկացնի: Մարդ պետք է հաճախ իրեն ավելի երջանիկ զգա, որպեսզի կարողանա դիմանալ կյանքի դժվարություններին»:

Աղբյուր՝ showbiz.am