Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է․ Ալիև

Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է․ Ալիև

«ՌԴ կատարած այցի ընթացքում տեղի ունեցավ մտքերի լայն փոխանակում՝ առաջին հերթին կապված երկկողմ հարցերի և, իհարկե, հետկոնֆլիկտային իրավիճակի հետ»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Մենք ռազմավարական գործընկերներ ենք նաև իրական կյանքում, քանի որ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության շուրջ տարաձայնություններ չկան։ Մեր միջև ամուր բարեկամական կապեր են։ Անձամբ ես շատ մտերիմ հարաբերություններ ունեմ պարոն Պուտինի հետ։ Մենք քաղաքական գործիչներ ենք, որոնք վստահում են միմյանց․ դա շատ կարևոր է։

Այցի ընթացքում տեղի է ունեցել երկկողմ օրակարգի քննարկում: Այս անգամ ավելի շատ քննարկել ենք առևտրային, տնտեսական, տրանսպորտային, հումանիտար հարցեր։

Ինչ վերաբերում է տրանսպորտային հարցերին, ապա, իհարկե, քննարկել ենք ինչպես նախկինում համաձայնեցված հարցերը՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, դրա հեռանկարները, այնպես էլ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքն ու հետկոնֆլիկտային շրջանի հետ կապված հարցեր։

Մեր մոտեցման մեջ տարաձայնություններ չկան։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է։ Հայաստանում ռևանշիստական ոչ մի միտում չպետք է թույլ տրվի, և այսուհետ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի։ Պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն ու վերացվեն։

Այս հարցում մեր միջև ոչ մի տարաձայնություն չկա, մեր կարծիքները նույնն են։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ես պարոն Պուտինին հայտնեցի, որ մեր ունեցած տեղեկություններով, այս հարցում Հայաստանը կրկին անկեղծ չէ։

Պարոն Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ես ասացի, որ բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, չպետք է լինի ընտրովի մոտեցում, այսինքն՝ խտրականություն։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ էլ, հերթական անգամ փորձում է ինչ-որ խաղ խաղալ»,-հայտարարել է Ալիևը։