«Մել Դալուզյանը Գյումրիում իրեն լավ է զգացել, իր կնոջն է բերել դասի, ընկերուհիների հետ եղել է տարբեր ժամանցի վայրերում»․ Գագիկ Համբարյան

Մել Դալուզյանը Գյումրիում իրեն լավ է զգացել, իր կնոջն է բերել դասի, ընկերուհիների հետ եղել է տարբեր ժամանցի վայրերում։

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովի ամբիոնից արած այն հայտարարությանը, որ գյումրեցի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանն իր անձնական հովանավորության ներքո է, նա Եվրոպայի եռակի չեմպիոն է և նրա մասին ֆիլմի չհովանավորումը խարան կլիներ Հայաստանի Հանրապետության և կառավարության ճակատին, ասաց, թե վարչապետի հիմնավորումները իրականությանը չհամապատասխանող են և իր՝ որպես գյումրեցու համար բացարձակ նորություն են։

Գագիկ Համբարյանի տեղեկացմամբ, Մել Դալուզյանը սովորել է Շիրակի պետական համալսարանում, որտեղ թե նրա դասախոսները, և թե ընդհանրապես ողջ քաղաքը գիտեին նրա սեռական կողմնորոշման մասին, սակայն երբևէ չեն քննարկել, առավել ևս նրան չեն հալածել՝ հաշվի առնելով նրա սպորտային հաջողությունները։

Գագիկ Համբարյանի պնդմամբ, այն, որ Մել Դալուզյանը հասել է ինքնասպանության եզրին հայտնվելը բացարձակ նորություն էր գյումրեցիների համար, որովհետև նա Գյումրիում իրեն լավ է զգացել, իր կնոջն է բերել դասի, ընկերուհիների հետ եղել է տարբեր ժամանցի վայրերում։

«Եկեք սկսենք նրանից, թե արդյո՞ք Ազգային ժողովի գլխավոր ամբիոնը 10 րոպե պետք է օգտագործել շինծու հարցի պատասխանելու համար, որովհետև շատ լավ տեսանք, թե ով էր այդ հարցի հեղինակը, Արարատ Միրզոյանն էր։

Այստեղից հետևություն, որ այդ հարցուպատասխանին նախօրոք էին պատրաստվել , պատասխանը նախօրոք գրված էր պարոն Փաշինյանի մոտ։ Ասեմ, որ որպես մարդ՝ ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում մարդկանց անձնական կյանքով, ինձ բացարձակ հետաքրքիր չի եղել Մել Դալուզյանը կամ Մելինե Դալուզյանի անձնական կյանքը։

Ես գտնում եմ, որ ամեն մարդ իր անձնական կյանքում կարող է անել այն, ինչ ինքը ցանկանում է ու այդ հարցը բացարձակ պետք չէր հանրայնացնել։ Բայց, ցավոք սրտի, պարոն Փաշինյանն իր վարքագծով, իր հայտարարություններով ստիպում է, որպեսզի շատերը, այդ թվում նաև ես, ստիպված արձագանքենք։ Ինչո՞ւ, որովհետև պարոն Փաշինյանի մեջբերած բոլոր թեզերը կեղծ էին՝ կապված Մելինե Դալուզյանի հետ։

Սկսենք նրանից, որ իր Ազգային ժողովում ունեցած ելույթից երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ որ հանդիպել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց դասադուլ անող ուսանողներին, հայտարարեց, որ Հայաստանը համաֆինանսավորում է « Մել» ֆիլմի 10 տոկոսը։ Ազգային ժողովի ամբիոնից պարզվեց, որ մենք 14 տոկոս ենք ֆինանսավորում։ Հիմա ինձ համար զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ Հայաստանը համաֆինանսավորում է 20 կամ 25 տոկոսը։

Եթե պարոն Փաշինյանն իր թևի տակ է վերցրել Մելինե Դալուզյանի պաշտպանությունը, չգիտես ումից է պաշտպանում նրան, դա էլ է անհայտ,պետք է հասարակությանը հաշվետու լինի, թե ի՞նչ կազմակերպություններ ու պետություններ են հովանավորում այդ ֆիլմի նկարահանումը։ Ինձ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հետաքրքիր է, թե այդ որ երկրներն ու կազմակերպություններ են մասնակցում այս ամենին։ Համաֆինանսավորման պահով վերջին թեզը, որ պարոն Փաշինյանն անընդհատ հայտարարում է՝ մենք եթե չմասնակցեինք, միևնույնն է ֆիլմը կնկարահանվեր․ թող նկարահանվեր, ով պատվիրել էր, թող ինքը ֆինանսավորեր, նկարահաներ, այդ ֆիլմը Հայաստանի Հանրապետությանն ի՞նչ օգուտ է տալու, եթե այդ ամենին պարոն Փաշինյանը մասնակցում է պետական մակարդակով, իմաստը ո՞րն է։ Էդ ում է պարոն Փաշինյանը շանտաժում, որ եթե մենք չմասնակցեինք, միևնույնն է կնկարահանվեր, թող նկարահանվեր, բայց առանց մեզ»։

Ըստ Գագիկ Համբարյանի, ճշմարիտ չէ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Մելինե Դալուզյանը երեք անգամ Եվրոպայի չեմպիոն է եղել և բարձրացրել է Հայաստանի դրոշը։ «Նախ երեք անգամ չէ, երկու անգամ է․ 2007 և 2008 թվականներին, պարոն Փաշինյանն այստեղ կրկին թվերի մանիպուլյացիայի է դիմում, երկրորդը՝ պարոն Փաշինյանը, երբ որ ասում է մեդալի մի կողմի մասին, որ Մելինեն Դալուզյանը դրոշ է բարձրացրել, նաև կարելի է այդ ժամանակ ասել, որ նույն Մելինե Դալուզյանը զրկվել է այդ մեդալներից, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներից, քանի որ ինքը դոպինգ սկանդալի մեջ է հայտնվել ։ Եթե արդար ենք, բերեք արդարամիտ վերաբերվենք բոլոր տեսակի հարցերին։

Այնպես որ, պարոն Փաշինյանի այն թեզը, որ մենք ծափողջյուններով ենք դիմավորում մեզ փառք ու պատիվ բերած անձանց, հետագայում քարկոծում ենք՝ եթե խնդիրներ ունեն այդ մարդիկ, դա իրականությանը չի համապատասխանում։ Մելինե Դալուզյանն ինքն իր սխալների պատճառով սպորտային բնագավառում հայտնվել է շատ ծանր վիճակում և մեխանիկորեն նաև հաշվի առնելով իր տարիքը՝ դուրս է եկել ակտիվ սպորտային կյանքից։ Եվս մեկ թեզ, որ պարոն Փաշինյանն առաջ էր տանում, ես համարում եմ ոչ թե ոչ կոռեկտ, այլ անտրամաբանական․ նա սեռափոխության վիրահատությունը համեմատեց կույրաղիքի կամ սրտի վիրահատության կամ տեսողության վերականգման հետ։

Ո՞ւր է պարոն Փաշինյանը տանելու իրեն հավատացող զանգվածին։ Ուրեմն պարոն Փաշինյանի համար այն մարդիկ, ովքեր պայքարում են կյանքի ու մահվան համար, որովհետև եթե կույրաղիքի վիրահատություն տեղի չունենա, մարդն ընդամենը մեկ օրվա ընթացքում կարող է մահանալ, իսկ սրտի վիրահատություն չանելու դեպքում կարող է տեղում կամ որոշ ժամանակ անց մահանալ, կարելի՞ է համեմատել սեռափոխության վիրահատության հետ։ Սեռափոխությունը մարդու ցանկությամբ տեղի ունեցող վիրահատություն է , օրինակ՝ մարդը կարող է իր քթի տեսքից դժգոհ լինել, բայց նորմալ շնչի և վիրահատության կարիք չլինի, եթե մարդն ուզում է իր քթի ձևը փոխել, այտերի ձևը փոխել , աչքերի լայնությունը փոխել, դա իր ցանկությունն է, դա մահվան ու կյանքի վիրահատություն չէ։ Սա էլ կեղծ թեզ է։ Նա փորձում է Մելինե Դալուզյանի սեռափոխման վիրահատությունը ներկայացնել որպես դարակազմիկ իրադարձություն, որ եթե Մելինե Դալուզյանի վիրահատությունը տեղի չունենար, ինքը կմահանար։

Քանի միլիոն չսեռափոխված համասեռամոլներ կան, որոնք այդ կարգավիճակում ապրում են, հո բոլորը չեն կարող Մելինե Դալուզյանի նման ճարպիկ գտնվել, որ համապատասխան քաղաքականության շնորհիվ հայտնվեն Հոլանդիայում և անվճար վիրահատվեն։ Այսօր համացանցում հայտնված «Մել» ֆիլմի մեկ րոպեանոց տեսահոլովակից պարզ դարձավ, որ Մելինեն ինքն է ինքնասպանության մասին թեզի հեղինակը, որն Ազգային ժողովում բառացիորեն կրկնում էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ո՞վ է ասել, երբ որ ինքը իբրև թե նորմալ էր, մենք բոլորս իրեն ողջունում էինք, բայց երբ որ իր խնդիրը բացահայտվել էր, հետևից բանսարկություններ էին տեղի ունենում, մարդիկ չէին բարևում։

Մելինե Դալուզյանը սովորել է Շիրակի պետական համալսարանում, երբ որ ինքը փառքի գագաթնակետին է, ինքը մեր ուսանողուհին էր և բացարձակ չի թաքցրել, որ համասեռամոլ է, բացահայտ ցույց է տվել, բացահայտ իրեն պահել է տղայի նման, սափրվել է, մազերը համապատասխան կտրվածքով է ներկայացել, խոսակցականը եղել է տղային բնորոշ, ունեցել է ընկերուհիներ, որոնց մասին գիտակցել են Շիրակի պետական համալսարանի բազմաթիվ դասախոսներ, նրա համակուրսեցիները, բազմաթիվ գյումրեցիներ։

Ավելին ասեմ, Մելինե Դալուզյանի կնոջը ես դաս եմ տվել, երբ որ նա սովորում էր ռուսաց լեզվի և գրականության հեռակա բաժնում։ Ի դեպ, ևս մեկ տեղեկություն, Մելինե Դալուզյանի զոքանչը աշխատում էր որպես մատուցողուհի այն ռեստորանում, որտեղ Նիկոլ Փաշինյանը գնացել էր քյալլա ուտելու։ Պարոն Փաշինյանը ուզում է մեզ համոզել, որ Մելինե Դալուզյանը թաքնված է եղել, դժվարին իրավիճակում է հայտնվել։

Գյումրիում նրա ձեռքբերումները հաշվի առնելով՝ ոչ ոք նրա անձնական կյանքի մեջ չի ներթափանցել և չի մեկնաբանել, բայց այն, որ Մելինե Դալուզյանը իբրև թե գաղտնի է պահել իր սեռական կողմնորոշումը, կեղծիք է։ Մելինե Դալուզյանն իր ընկերուհիներ հետ գնում էր Գյումրիի գրեթե բոլոր դիսկոտեկները։ Մելինե Դալուզյանը իր կնոջը բերում էր դասի, ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը։ Նրա «խնդիրների» մասին մենք գիտեցել ենք շատ վաղուց և ամբողջ Գյումրին է գիտեցել, իր մարզիչներ են գիտեցել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։