Մեզ պետք է ծորակից հոսող ջուր և ոչ թե բացատրություն. Վարչապետը` «Վեոլիա ջուր» ընկերությաը

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին է պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ֆեյսբուքյան ուղիղ եթերով: Օգտատերերից մեկը հարցնում էր «Վեոլիա ջուր» ընկերության գործունեության մասին:

Հիշեցնենք, որ հաճախակի ջրանջատումները, խմելու ջրի համակարգի խափանումները հսկայական դժգոհություններ են առաջացրել քաղաքացիների մոտ` «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության նկատմամբ: Վարչապետը նշեց, որ այս ընթացքում այս թեմայով մի քանի անգամ զբաղվել է, ահազանգերի հիման վրա հանձնարարական է տվել տարածքային կառավարաման նախարարությանը:

«Տեղյակ եմ, որ մարզերում ջրամատակարարման լուրջ խնդիր կա, «Վեոլիա ջուրը» փորձում է հավաստիացնել, որ այդ խնդիրը հաղթահարվել է Երևանում, բայց ես տեղյակ եմ, որ դա այդպես չէ: Հանդիպել եմ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենի հետ, լուրջ խոսակցություն է տեղի ունեցել: Ես ասել եմ, որ մենք վերապահումներ ունենք ընկերության գործունեության հետ կապված, և հույս եմ հայտնել, որ ընկերությունը կվերանայի իր գործունեությունը:

Տեղյակ եմ, որ ջրի կորուստները հսկայական են, մոտ 60-70 տոկոս: Դա փորձում են պայմանավորել վատ համակարգով, բայց ես գիտեմ, որ կան կոռուպցիոն ռիսկեր, և այդ հարցը պետք է քննարկվի»,- ասաց վարչապետը` հավելելով, որ կառաարությունը գոհ չէ «Վեոլիա Ջուր» և «Սանիտեք» ընկերության գործունեությունից, և որ քաղաքացիների դժգոհությունը համարում է տեղին:

Վարչապետի խոսքով` ամառ է, տապ է, մարդիկ շատ են ջուր օգտագործում, ուստի սեզոնի սկզբին պետք է ստուգել համակարգի վիճակը, պոմպերի վիճակը: «Տրված բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն, իսկ մեզ պետք է ծորակից հոսող ջուր և ոչ թե բացատրություն»,- ասաց վարչապետը:

Աղբյուր՝ yerkir.am