Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում մարդը 0-ից բիզնես անելու հնարավորություն ունենա. Փաշինյան

Կիսվիր ընկերներիդ հետ

Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում մարդը 0-ից բիզնես անելու հնարավորություն ունենա: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչ է պետք անել դրա համար: Նախ պետք է արտոնյալ հարկային պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքացին հարկերի տակ չճռա: Երկրորդը՝ մեծացնել ֆինանսական հոսքերի հասանելիությունը: Այսինքն, որպեսզի մարդը նաեւ որոշակի հնարավորինս էժան տոկոսներով վարկավորում ունենալու հնարավորություն ունենա եւ նաեւ օգնել նրան իր բիզնես կրթության մակարդակը բարձրացնելու առումով, որպեսզի նա կարողանա հաղթահարել իր աղքատությունը:

Հետեւաբար մեր տնտեսական քաղաքականության կարեւոր նրբություններից մեկը միկրոբիզնես հասկացության հիմնումն է եւ միկրոբիզնեսի ծավալման, ստեղծման, ձեւավորման, զարգացման համար ստեղծել առավել նպաստավոր պայմաններ:

Այսօր տեղյակ եք անշուշտ, որ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է եւ այսօր առավոտյան ես օրը սկսեցի նրա հայտնի «Ծառեր»-ը ստեղծագործությունից մի փոքր հատված մեջբերելով: Եւ այդ կտորը ես հատուկ էի ընտրել` այսօրվա քննարկման առիթով: Որովհետեւ ես կարծում եմ, որ աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երեւույթ է, աղքատությունը նաեւ հոգեբանական երեւույթ է, աղքատությունը նաեւ մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի եւ ես կարծում եմ, որ իր «Ծառեր»-ը ստեղծագործության մեջ Հրանտ Մաթեւոսյանը հենց մտածողության այս տեսակի մասին է ահազանգել»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ևս մեկ անգամ կրկնելով առավոտյան հնչեցրածը՝ հույս ունենալով, որ Ազգային ժողովից հնչածը առավել հասանելի եւ լսելի կլինի մեր քաղաքացիներին:

Աղբյուր՝ armtimes.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...