Մաքրել Ծվատված Հայրենիքը աղտից ու բուժել մատնության, դավաճանության և անհավատության ախտից. Նազենի Հովհաննիսյան

Մաքրել Ծվատված Հայրենիքը աղտից ու բուժել մատնության, դավաճանության և անհավատության ախտից. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Սուրբ Ծննդին մեր տան ամենասիրված ու ավանդական ուտեստը Ձուկն էր՝ Քրիստոսի խորհրդանիշ, և բրնձով ու չրերով փլավը, որն իմ ամենասիրելին էր: Մեր ընտանիքի ամբողջ համատեղ գոյության ընթացքում միակ անգամը, երբ մայրս ստիպված մինչև վերջ չկերավ փլավը, որովհետև մնալու էր, իր մահվանը հաջորդող Սուրբ Ծնունդն էր:

Էդ տարի տոլման սարքեց Հայրս, մնացածը քույրերս, ես՝ չրերով փլավը՝ մեղրով ու յուղով: Էդ տարի մի հատիկ անգամ չմնաց… ամբողջը կերանք… միասնական էինք: Կարոտի, հավատքի ու հույսի միասնականությամբ՝ չնայած ծանրագույն կորստին:

Մայրս՝ հին Բայազետից, իր Լանջաղբյուրի ուժով գտնում էր Սևանի լավագույն սիգն ու խնամքով մաքրում, թեփուկներից զատում ու խաշում էր Ձուկը՝ համեմելով երկու ճուտ չորացրած թարխունով: Էդ համն էլ երբեք չզգացի.իր հետ տարավ:

Բայց բրնձով ու մեղրահամ փլավը մի մարդու պես կերանք: ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ: Որովհետև Ընտանիքը մի Մարդ է: Հայաստանցին էլ մի մարդու պես պիտի զարկի սիրտն ու զարկերակը: Ես երբեք ու ոչինչ չեմ ունեցել. միայն Ընտանիք, Հայրենիք ու Հավատք: Հիմա ուզում են խլել ամբողջը: Ես ո՞նց ապրեմ:

Հայոց մեջ միշտ կարևոր է եղել մաքրությունը, հոգու մաքրությունը, մտքի, և անգամ տան մաքրությունը: Ճրագալույցի Սբ. Պատարագի կրակն էդ մաքրությունն է հենց խորհրդանշում: Քրիստոս ծնվեց և հայտնեցավ, որ մեզ մաքրվելու շնորհով՝ փրկի:

Մաքրել: Մաքրել Ծվատված Հայրենիքը աղտից ու բուժել մատնության, դավաճանության և անհավատության ախտից, «մաքրել» անմաքուր մարդկանցից ու մաքրվել վերջապես չկողմնորոշված, տխեղծ ու մորթապաշտ տզրուկներից, որոնք միայն տանում են, քանդում ու քակում…

ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴՈՎ ՄԵ՛ՆՔ պետք է քակտենք վերջապես մեր Երկրում գործող արատավոր շղթան, մեր միջի չարն ու պարտվողական հուսահատությունը… մեր վատերին զատենք և բանադրենք: Հավատքով Ամուրներին ու ստեղծողներին միավորենք ու Կառուցենք: Պաշտպանենք: Վերապրենք: ԱՊՐԵՆՔ:

Քրիստոսի ծնունդով նոր ուժ և հավատք տրվեց մարդկությանը: Նրա գալուստով մենք էլ պիտի նորոգվենք: Մենք՝ հայերս, անկախ մեր գտնվելու կամ ապրելու վայրից: Առանց Հայաստանի չկա հայ… չկա հայություն ու հայոց պատմություն: Չկա մեր հետքը:

Նորոգ լինել նշանակում է ԳՈՐԾԵԼ և ԴԱՌՆԱԼ ՄԻԱԱՆԱԿԱՆ՝ մաքրելու մեր Երկիրն ամայացնող մոլախոտից ու փշերից»: