Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում, Մալաթիայի ոսկու շուկայի պահեստային մասում հնչել են կրակոցներ․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում, Մալաթիայի ոսկու շուկայի պահեստային մասում հնչել են կրակոցներ․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր  Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ քանակի ինքնաձիգից արձակված պարկուճներ, ատրճանակից արձակված պարկուճներ, արնանման հետքեր։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

կրակոցներ

Պարեկները սահամանազատել են տարածքը։ Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներ Տիգրան Ավագյանը, Արամ Գրիգորյանը, Հովիկ Ավետիսյանը։

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավագյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած-սպանվածի և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը, ով եղել է  հրազենային վնասվածքներով, հիվանդանոց է տեղափոխվել Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից։

Պարեկները չսպասելով բժիշկների ժամանմանը, իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են բինտ ու բամբակ, ապա առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են Lexus, Mercedes և 2 Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։