«Մարկն ընտրեց իմ ու կնոջս ուզած մասնագիտությունը»․ Էմիլ Գալստյանի որդու մեկամյակի, ատամհատիկի լուսանկարները

Դերասան Էմիլ Գալստյանի և դերասանուհի Նելլի Խաչատրյանի որդին՝ Մարկը, երեկ դարձավ 1 տարեկան։ Տարեդարձի խնջույքի հետ ծնողները  համատեղել են նաև փոքրիկի ատամհատիկի արարողությունը։

Tert.am Life-ի հետ զրույցում Էմիլը պատմել է կազմակերպված խնջույքի, փոքրիկի ընտրած մասնագիտությունների իր նվերի և հայրիկ լինելու գիտակցումն ավելի ուշ ձեռք բերելու մասին։

«Որոշեցինք տղայիս տոնական օրն անցկացնել բարեկամական, ընկերական միջավայրում՝ մանկական փոքրիկ խնջույքով։ Մարկը շատ ուրախ էր, չնայած ջերմություն ուներ, քանի որ ատամիկներ է հանում: Ամենակարևորն այն էր, որ տղաս հասկանում էր, որ դա իր օրն է, այդ ամենն իր համար է։ Տղայիս համար հատուկ անակնկալ նվեր էի պատրաստել՝ փոքրիկների համար նախատեսված էլեկտրական ավտոմեքենա նվիրեցի։ Մեզ համար ամենակարևորն իր ուրախությունն էր»,- պատմեց դերասանը։

Էմիլ Գալստյան

Ատամհատիկի արարողության ժամանակ Մարկը ծնողներին ուրախացրել է։ Ըստ Էմիլ Գալստյանի ՝ ինքն ու կինը շատ են զարմացել, երբ ոդին ընտրել է դերասանի և կինոռեժիսորի մասնագիտությունը․

«Ատամհատիկի ժամանակ շատ հետաքրքիր բան կատարվեց, որդիս երեք մասնագիտություն ընտրեց՝ ճարտարապետ, դերասան և կինոռեժիսոր: Երկրորդ և երրորդ ընտրությունը զվարճալի էր, դա շատ ուրախացրեց թե՛ ինձ, թե՛ կնոջս։ Մարդիկ կմտածեն, թե մենք հատուկ ենք արել, որ Մարկն ընտրի մեր ուզած մասնագիտությունը, բայց այդպես չէր։ Մեզ համար անսպասելի էր, որ մեր ուզածն ընտրեց»։

Դերասանն ասաց, որ իրենք շատ են ցանկանում, որ որդին ապագայում էլ ընտրի իրենց մասնագիտությունը և աշխատի դերասանական ոլորտում:

Էմիլ Գալստյան

«Մենք շատ ենք ուզում, որ Մարկն արվեստի ոլորտում լինի։ Չնայած վերջնական որոշում ինքն է կայացնելու։ Կարծում եմ՝ կյանքի փորձն էլ ցույց է տալիս, որ  երեխան անկախ իր կամքիցիր մեջ ունենում է ծնողի մասնագիտությունը։ Որդիս արդեն այդ ամենի մեջ է, որովհետև կինս աշխատում է թատրոնում, ես հիմա թատրնում չեմ, բայց զբաղվում եմ իմ մասնագիտությամբ։ Անկախ մեր ու իր կամքից՝ նա մոտ է թատրոնին։ Եթե իրականում էլ ընտրի դերասանի մասնագիտությունը, ավելի ուրախ կլինենք, քան մյուս մասնագիտությունների դեպքում»։

Խոսելով որդու խնամքի և իրենց զբաղված գրաֆիկի մասին՝ Էմիլն ասաց, որ երբեմն ինքն ու որդին գնում են մայրիկի ներկայացումները դիտելու:

«Թե՛ կինս, թե՛ ես շատ զբաղված ենք, որդուս խնամքը իրար օգնելով ենք անում։ Երբ Նելլին ներկայացման է լինում, երեխային ես եմ խնամում, երբեմն էլ, միասին գնում ենք մայրիկի ներկայացումը նայելու։ Որդիս բնավորությամբ շատ հանգիստ երեխա է, կամակորություններ չունի,  լացկան չէ, ինչը շատ կարևոր է»,- ասաց նա։

Էմիլ Գալստյան

Էմիլը ծիծաղելով հիշեց, որ մինչև որդու երկու ամսական դառնալը դժվարությամբ էր հավատում այն ամենին, ինչ կատարվում է իր շուրջը․ «Պատասխանատվություն, իհարկե, կա, բայց այս մեկ տարին այնքան արագ թռավ, կարծես, հեքիաթ լիներ։ Տպավորություն է, թե դեռ  չեմ հասկացել՝ ինչպես է կատարվել այս ամենը։ Առաջին երկու ամսում առհասարակ չէի գիտակցում, որ իմ որդին է։  Հիմա արդեն մտել եմ հայրիկ լինելու դերի մեջ»։

Աղբյուր՝ tert.am