Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան է մահացել

Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան է մահացել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի, 24-ամյա Լուիզա Ավետիսյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց զայրույթն էին հայտնում այն մասին, որ քիչ առաջ Մարգարյան ծննդատանը մահացել է Լ. Ավետիսյանը:

Զրուցակիցները ֆոտոլրագրողին ասում էին, որ Լ. Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով բերվել է այս ծննդատուն: Այսօր առավոտյան առաջնեկն է ունեցել՝ տղա երեխա:

«Ցավոք, մեր ընտանիքի ուրախությունը երկար չտևեց: Կես ժամ առաջ տեղեկացանք, որ, չգիտենք ինչ պայմաններում, Լուիզան մահացել է: Խոսքեր չենք գտնում արտահայտվելու համար: Ուզում ենք Առողջապահության նախարարությունը՝ նախարար Արսեն Թորոսյանի հսկողության տակ, առանձին հետաքննություն կատարեն:

Ճիշտ է, այս պահին արդեն ոստիկաններն ու քննիչները ժամանել են, բայց մենք ուզում ենք, որ Լուիզայի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիքում ուրախությունը կարճ չտևի: Մինչ մենք ուրախանում էինք երեխայի լույս աշխարհ գալու առիթով, ստացանք մոր մահվան մասին լուրը»:

Լ. Ավետիսյանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Հարազատները նաև նշում էին, որ Լուիզային վիրահատել են, նա կեսարյան հատման եղանակով է տղա ունեցել: Այնուհետև որոշ ժամանակ անց հայտնել են, որ մայրը նարկոզից դուրս չի եկել և մահացել է:

Այս պահին հարազատները փորձում են պատասխան ստանալ բժիշկներից, սակայն բժիշկ չկա, ասես բոլորը «հօդս ցնդած լինեն»:

Առավել մանրամասն՝ սկզնաղբյուր կայքում