Մաշա Մնջոյանի 24-ամյակն Ավստրալիայում և Հայաստանից տեղափոխվելու պատճառը (Լուսանկարներ)

Երգչուհի Մաշա Մնջոյանն առաջին անգամ տարեդարձը տոնել է արտերկրում: Մոտ մեկ ամիս է` նա գտնվում է Ավստրալիայում` Սիդնեյում, որտեղ էլ երեկ նշել է իր 24-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշան պատմել է, թե ինչպես է անցկացրել տարեդարձն ու ինչ առիթով է Ավստրալիայում:

Երգչուհին Սիդնեյում է ուսման նպատակով և դեռ հստակ չգիտի, թե երբ կվերադառնա. «Վերադառնալու համար դեռ հստակ բան չեմ կարող ասել: Սովորում եմ Music Institut-ի համար»: Մաշան ոգևորությամբ է ուսում ստանում։ Տարեդարձի օրն էլ դասերը բաց չի թողել. «Բացակայությունն անընդունելի է, առավոտյան գնացի դասի, այնուհետև օրս անցկացրի ընտանիքիս հետ»։

Մաշան հայտնեց, որ Ավստրալիայում բարեկամների հետ է ապրում, ովքեր էլ իրեն անակնկալներ են մատուցել տարեդարձի առթիվ: «Տարեդարձս տոնելը սկսվել է դեռ նախորդ օրվա գիշերվանից` հարազատներիս կողմից գեղեցիկ անակնկալներով: Նրանք ինձ շնորհավորեցին իմ սիրելի ծաղիկներով և տորթով: Անգամ, երբ Հայաստանում էի, իրենք ամեն տարի մի խենթ անակնկալ էին մատուցում»,-ասաց երգչուհին:

Նա նկատեց, որ այս տարի տարեդարձի օրը փոքր-ինչ այլ զգացողություններ ուներ, պատճառը հայրենիքից հեռու լինելն էր. «Առաջին անգամ է, որ իմ երկրում չեմ ծննդյանս օրը: Ընտանիքիս և ընկերներիս հետ չէի,  մի քիչ անսովոր, տարբերվող ծնունդ էր, բայց քույրերս, բարեկամներս ամեն ինչ արեցին, որ գեղեցիկ, հաճելի օր ունենամ: Ապրեն իրենք:)»:

Երգչուհին կարևորում է առաջին շնորհավորանքը։ Այս տարի բոլորից առաջ է ընկել մայրիկը. «Միգուցե երեխայություն է, բայց ամեն անգամ սպասում եմ, թե ով առաջինը կշնորհավորի: Առաջիը մայրս զանգահարեց, հետո ամենամոտ ընկերուհիներս ու հարազատներս»:

Երգչուհու խոսքով` ևս մեկ տարով մեծանալու փաստից և՛ տխրում է, և՛ ոչ: «Տխրում եմ, որովհետև տարիներն այնքան շուտ են անցնում, ժամանակը շատ արագ է գնում։ Միաժամանակ հասկանում եմ, որ տարիների շնորհիվ է, որ հիմա ունեմ այն, ինչ ունեմ ու մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են: Հասկանում եմ, որ չպիտի տխրեմ, որովհետև մեծանում եմ, աճում եմ ու չեմ մնում նույն տեղում»,-ասաց նա:

Մաշան տարեդարձը կշարունակի նշել նաև այսօր` արդեն ընկերական միջավայրում, քանի որ այսօր ևս մեկ հոբելյար ունեն ընկերախմբում:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...