Մանրամասներ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքից (Տեսանյութ)

Մանրամասներ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքից (Տեսանյութ)

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկի տարածքի սեփականատերն ու նրա որդին ծեծել են նույն սուպերմարկետի անվտանգության ծառայության պետին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կատարվածից որոշ ժամանակ անց միջադեպի տեսանյութը տարածվել էր սոցցանցերում։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

Նոր Նորքի քրեական հետախույզները նախ հայտնաբերեցին սուպերմարկետի տարածքի սեփականատիրոջ որդուն, որը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին նրա հորը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հաջորդ օրը 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նա ևս ձերբակալվեց։

48-ամյա տղամարդը, ընդամենը հանդիսանալով տարածքի սեփականատեր, այսպես ասած՝ իրեն վերապահել էր սուպերմարկետում գործունեություն ծավալողի իրավունք՝ միջամտել էր անվտանգության ծառայության պետի աշխատանքին։

Պարզաբանումներն էլ ավարտվել էին խուլիգանությամբ։ Ոստիկանությունը հետևողականորեն գնալու է հասարակական կարգի ցանկացած խախտման հետքերով ու հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման ցանկացած դեպք բացահայտելու է՝ մեղավորներին բերելով քրեական պատասխանատվության դաշտ։

Տեսանյութը ստորև