Մանրամասներ՝ ԱԺ պատգամավորի եղբորորդու, Toyota Hilux մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարից

Մանրամասներ՝ ԱԺ պատգամավորի եղբորորդու, Toyota Hilux մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարից

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննիչ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին, ժամը 22։40-ի սահմաններում Մեղրիի մաքսատուն-Երևան Մ2 ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը նշված վայրում Ագարակ քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Սեյրան Զաքարյանը իր վարած Toyota Hilux մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով Սեյրան Զաքարյանը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Ագարակ քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Վարդան Վարդանյանն ու 16-ամյա Ռոբերտ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մեղրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի եղբոր որդին էր։