Մանախը ծեծել է իր կնոջը, կինը դիմել է ոստիկանություն

Մանախը ծեծել է իր կնոջը, կինը դիմել է ոստիկանություն

Hraparak.am-ը գրում է․ Հունվարի 18-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ նույն ամսվա 13-ին Գրիգոր Լուսավորիչ փողոցի հասցեներից մեկում ծեծի են ենթարկել մի կնոջ: Կինը հաղորդում է տվել, որ գրասենյակ եկած 44-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել իրեն և վնասել գրասենյակի գույքը:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 258-րդ (խուլիգանությունը) հոդվածներով։ 

Պարզվում է՝ այս դեպքի գործող անձինք հայտնի Մանախը՝ Արթուր Այվազյանն ու իր քաղաքացիական կինն են։ Մանախը ծեծի է ենթարկել կնոջը, մտել նրա ղեկավարած հիմնարկ՝ մանկապարտեզ, որտեղ էլի է նման գործողություններ իրականացրել եւ կինը, որը մանկապարտեզի վարիչն է, դիմել է ոստիկանություն։

Արթուր Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջ քույրն է զանգահարել ոստիկանություն, կինը սկզբում հաղորդում է ներկայացրել, ավելի ուշ՝ հրաժարվել դրանից, նշելով, որ բողոք չունի։ 

«Միջադեպ է եղել, սարքեցին հայոց հարցը՝ այն աստիճան, որ իմ ընտանեկան հարցը փորձում են շահարկել, ինձ էլ կալանավորել։ Կալանավորման միջնորդություն էին ներկայացրել, բայց դատարանը ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչեց, մերժեց նաեւ կալանավորման միջնորդությունը։

Նաեւ իմ նկատմամբ խափանման միջոց ընտրված չկա։ Այ սենց պատմության մեջ ընկա։ Ես հիմա իմ կնոջ հետ հաշտվել եմ, բայց քննչականն էլ ոտը մտցրել է մի կոշիկի մեջ, որ ինձ կալանավորեն։ Իրենց առիթ էր պետք, բայց չստացվեց»,-նշեց նա։

Նա նաեւ նշեց, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տանը, ոչ թե գրասենյակում, ինչպես նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ Մանախը ամիսներ առաջ է կալանքից ազատ արձակվել՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել համացանցում հայհոյելու համար, ինչը որակվել էր որպես խուլիգանություն և բռնության կոչ: