«Մամ ջան, դե գնամ երեխեքիս նախաճաշը բերեմ, կխոսենք». էդ էր մեր լույս Արմանի վերջին խոսքերը

«Մամ ջան, դե գնամ երեխեքիս նախաճաշը բերեմ, կխոսենք». էդ էր մեր լույս Արմանի վերջին խոսքերը

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թշնամու ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Արման Ճաղարյանի քույրը՝ Նելլի Ճաղարյանը:

«Մի մեծ ճրագ մարեց մեր գերդաստանի հոգու ու սրտի փոքրիկ տնակում… Դու էլ չկաս..Իմ լուսավոր ու իմ հերոս Արման… Արմանը իսկապես լույս էր բոլորիս համար՝ հատկապես իր ընտանիքի։ 20 տարեկանում հասցրել էր 3 դիպլոմ ստանալ՝ միանգամից։ Մի օր ասաց. «Տատ, հորքուրս 40 տարեկանում 4 դիպլոմ ունի, ես 20-ում՝ 3։ Հաստատ մինչև 40 էլի կունենամ: Նենց որ ինձնով ավելի շատ պետք ա հպարտանաս»:

Ամեն ինչ ուզում էր հասցնել, շատ էր շտապում, թե ուր՝ չէինք հասկանում… Ուսմանը զուգահեռ Արմանը 2,5 տարի սովորեց Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանում ու արդյունքում ստացավ սպայի կոչում։ Երբ որոշեց իր ստացած գիտելիքը օգտագործել ծառայելով հայրենիքին…Եկավ սեպտեմբերի 27-ը…Ժամը 8-ին Արմանն ասաց. «Գնում եմ»…

Բոլորս հանգիստ էինք ու չէինք գիտակցում, թե պատերազմ է գնում։ Այդ օրվանից մեր օդն ու ջուրը դարձավ, մեր տրամադրության որոշիչը դարձավ: Արմանի ամեն զանգից կյանքի մի նոր փուլ էինք մտնում: Զանգում էր ու միանգամից ասում. «Ես լավ եմ, դուք ո՞նց եք, ամեն ինչ լա՞վ ա»:

Ու էդպես 2 շաբաթ մենք Արմանով էինք ապրում, ինքը՝ մեզնով։ Ամսի 8-ն էր, մի բան զգում էր երևի… Որոշել էր հերթով բոլորիս զանգել ու հրաժեշտ տալ… Տատիկիս զանգեց, խլեցի հեռախոսը, որ իմ ականջով լսեմ, որ լավ է։ Արմանի ձայնը վերջին անգամ լսեց իր մայրը, ամսի 9-ին՝ առավոտյան։ Շատ լավ էր տրամադրությունը։ Դրանից մի քանի օր առաջ էլ ասել էր.

«Մամ, ստեղ լիքը դուխով հոպարներ են եկել, էնքան լավն են, սաղ լավ ա, հանգիստ եղեք»:

Իսկ հենց այդ օրը վերջում ասաց. «Մամ ջան, դե գնամ երեխեքիս նախաճաշը բերեմ, կխոսենք». էդ էր մեր ԼՈՒՅՍ ԱՐՄԱՆԻ վերջին խոսքերը։

Ուզում եմ ճանաչեք ևս մեկ ՀԵՐՈՍԻ, ով իր լուսավոր կյանքը նվիրեց հանուն հայրենիքի փրկության…»: